Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահության շրջանակներից դուրս ձևակերպումներն արհեստածին են. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է ստամբուլյան հռչակագրին


Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանի արտաքին գերատեսչությունը, արձագանքելով Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած հռչակագրին, հիշեցնում է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

«Դրա շրջանակներում ամրագրված են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացված են որպես մեկ ամբողջություն: Այդ սկզբունքների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը որևէ կերպ չի նպաստում խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից դուրս, դրան հակասող ձևակերպումներն արհեստածին են ու որևէ աղերս չունեն հիմնահարցի կարգավորման հետ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների` նախօրերին Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման օրակարգային թեմաներից մեկն էր: Բանակցությունների ավարտին հաստատված հռչակագրում Մեվլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Էլմար Մամեդյարովը կոչ են արել տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով` տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հիմնվելով:

«Նախարարները ընդգծեցին այն պարտավորությունները, որ վերաբերում են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը և հատկապես այն աջակցությանն ու հարգանքին, որ պետք է ցուցաբերվի պետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններին»,- ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ասված է հռչակագրում։

Բացի այդ երեք պետությունների նախարարները Ստամբուլում ընդունված փաստաթղթում նշել են. - «Այս համատեքստում մեկ անգամ ևս ընդգծում ենք հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը վերը թվարկված սկզբունքների հիման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG