Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ լուծելու կոչ են անում


Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ստամբուլում, 30-ը հոկտեմբերի, 2018թ.
Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ստամբուլում, 30-ը հոկտեմբերի, 2018թ.

Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների` երեկ Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման օրակարգային թեմաներից մեկն էր:

Բանակցությունների ավարտին հաստատված հռչակագրում Մևլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Էլմար Մամեդյարովը կոչ են անում տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով` տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հիմնվելով:

«Նախարարները ընդգծեցին այն պարտավորությունները, որ վերաբերում են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը և հատկապես այն աջակցությանն ու հարգանքին, որ պետք է ցուցաբերվի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ», - հռչակագրի տեքստն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը:

Բացի այդ, երեք պետությունների նախարարները Ստամբուլում ընդունված փաստաթղթում նշում են. - «Այս համատեքստում մեկ անգամ ևս ընդգծում ենք հայ-ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը վերը թվարկված սկզբունքների հիման վրա»:

Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում երեք երկրների արտաքին գործերի նախարարները բավական մանրամասնորեն քննարկել են նաև Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների հարցը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ Ստամբուլում կայացած բանակցությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնը բախվում է միջազգային հանրության հակազդեցությանը:

«Ինչպե՞ս կարող է այդ պետությունը [Միացյալ Նահանգները] պատժել մեկ այլ պետությանն օրենքի տառին հավատարիմ լինելու համար: Այս մեթոդն ապագայում կարող է շատ վատ հետևանքներ ունենալ միջազգային աշխարհակարգի համար: Այդ իսկ պատճառով էլ բոլոր երկրները` թե՛ մեր լավ հարևանները, թե՛ եվրոպական պետությունները, այլ երկրներ դիմադրում են սահմանված պատժամիջոցներին», - Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին հայտարարում էր իրանական դիվանագիտության ղեկավարը:

Եռակողմ բանակցությունների ընթացքում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները չշրջանցեցին նաև Սիրիայում ստեղծված կացությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ իրադրությունը Սիրիայում զգալիորեն բարելավվել է, քանի որ Իդլիբում իրադրության կարգավորման շուրջ Սոչիում կնքված համաձայնագիրը շարունակում է կյանքի կոչվել:

«Որևէ խնդիր այս պահին չկա: Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում մինչև տարեվերջ կապաշրջափակվեն նաև Հալեպ-Լաթաքիա և Հալեպ-Համա ավտոճանապարհները», - հայտարարում էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլղուն:

Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած հռչակագրին արձագանքել է Հայաստանի արտաքին գերատեսչությունը՝ հիշեցնելով, որ «ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

«Դրա շրջանակներում ամրագրված են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացված են որպես մեկ ամբողջություն: Այդ սկզբունքների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը որևէ կերպ չի նպաստում խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից դուրս, դրան հակասող ձևակերպումներն արհեստածին են ու որևէ աղերս չունեն հիմնահարցի կարգավորման հետ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG