Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան պայմանագրի չեղարկումը կունենա ծանր հետևանքներ


Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրով արգելված սպառազեն
Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրով արգելված սպառազեն

Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից Ամերիկայի դուրս գալու մտադրությունը մեծ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում:

Ամերիկացիները պնդում են, որ ռուսները տարիներ շարունակ խախտել են պայմանագիրը: Ըստ Վաշինգտոնի, դրա առավել համոզիչ վկայությունը 9M729 կոդային անվամբ ռուսական հրթիռի ստեղծումն է:

«Ռուսաստանը պարտավոր է գործել պայմանագրին համաձայն, այլապես ԱՄՆ-ը ստիպված կլինի արձագանքել փաստաթղթի այդ անպարկեշտ անտեսմանը, մեր լծակները դիվանագիտական են և ռազմական, մենք գործելու ենք մեր դաշնակիցների հետ համակարգված: Թող ոչ ոք թյուրիմացության մեջ չլինի՝ տվյալ դեպքում Ռուսաստանը կոպտորեն խախտում է պայմանագիրը, և դա անընդունելի է», - Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի հավաքում դեռ հոկտեմբերի 4-ին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը:

Թեմային անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

«Տարիներ շարունակ այդ փաստը հերքելուց հետո ռուսներն ի վերջո խոստովանել են, որ իսկապես ունեն 9M729-ը ստեղծելու ծրագիր: Ռուսաստանն այդ հրթիռի տեխնիկական պարամետրերի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնում: Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ռուսները խախտում են պայմանագիրը», - հավաքում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մոսկվան ասում է, թե այդ մեղադրանքն անհիմն է՝ պնդելով, որ 9M729 հրթիռի տեխնիկական հնարավորությունները չեն հակասում պայմանագրին:

«Մենք էլ չենք կարող վստահ լինել, որ Լեհաստանում և Ռումինիայում չկան Tomahawk տեսակի ամերիկյան հրթիռներ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների հսկողության բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը:

Եթե Թրամփն իրականացնի սպառնալիքը, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ Ամերիկան դուրս է գալիս սպառազենի հսկողության միջազգային պայմանագրից:

Նախագահության երկու տարում Թրամփը չեղարկել է մի շարք պայմանագրեր՝ Կլիմայի միջազգային համաձայնագիրը, Իրանի միջուկային գործարքը, պնդել է, որ Կանադայի և Մեքսիկայի հետ ստորագրվի ազատ առևտրի մասին նոր համաձայնություն, սակայն սպառազենի կրճատումն անձեռնմխելի է եղել:

Թրամփը նշել է, որ Ամերիկան չի ստեղծի միջին և փոքր հեռահարության նոր հրթիռներ միայն այն դեպքում, եթե նույն կերպ վարվեն ռուսներն ու չինացիները:

Երեկվանից Մոսկվայում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա արդեն հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից, Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Նախատեսված են բանակցություններ նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Որոշ փորձագետներ համոզված են, որ Վաշինգտոնին անհանգստացնում է ոչ միայն և գուցե ոչ այնքան ռուսների նոր հրթիռը, որքան Չինաստանի և Իրանի հետզհետե կատարելագործվող հրթիռները, որոնք ընդհանրապես որևէ պայմանագրում ներառված չեն:

«Կա՛մ ընդարձակենք պայմանագիրը, կա՛մ չեղարկենք՝ սա պետք է լինի մեր կարգախոսը», - անցած ուրբաթ օրը հայտարարել է հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը, ով, ըստ Վաշինգտոնում շրջանառվող տեղեկությունների, գուցե ապագայում պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի Ջիմ Մաթիսին:

Առավել հոռետես վերլուծաբանները չեն բացառում, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի չեղարկումից հետո վտանգը կսպառնա ուժի մեջ մնացած միակ հիմնարար համաձայնությանը՝ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին, որի առաջին տարբերակը ստորագրվել է 1991-ին, իսկ երկրորդը՝ 2010-ին:

Այդ դեպքում ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կսկսվի սպառազինությունների մրցավազք, և էապես կաճի Երկիր մոլորակի գոյությանը սպառնացող միջուկային պատերազմի վտանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG