ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչինսոնն այսօր Բրյուսելում ասել է, որ հարկ եղած դեպքում ամերիկացիները կոչնչացնեն ռուսական հրթիռային այն համակարգերը, որոնք ռուսները ենթադրաբար ստեղծում են՝ խախտելով միջուկային սպառազինությունների պայմանագիրը:
Խոսքը 9M729 "Новатор" տեսակի հրթիռի մասին է, որի նախագիծն, ըստ արևմտյան հետախուզության, արդեն մշակվել է և փոխանցվել է Ռուսաստանի ռազմական գործարաններին:
Հրթիռի ստեղծումը, Հաթչինսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի փոխանցմամբ, հակասում է միջին հեռահարության միջմայրցամաքային հրթիռների ոչնչացման 1987 թվականի պայմանագրին:
«Ռուսաստանը պետք է դադարեցնի պայմանագրի ոտնահարումը», - հայտարարել է Հաթչինսոնը:
Վաղը Բրյուսելում գումարվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հավաքը, որին կմասնակցի նաև Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը:
«Եթե այդ համակարգը ստեղծվի, ապա Միացյալ Նահանգները ստիպված կլինի մշակել այդ հրթիռները ոչնչացնելու տարբերակներ, քանի որ այդօրինակ հրթիռը կունենա Եվրոպային և Ամերիկային հարվածելու հնարավորություն», - ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը:
Ռուսաստանը պնդում է, որ նշված հրթիռի թռիչքի շառավիղը չի գերազանցում պայմանագրում սահմանված նորմերը:
«Հակաքայլը ներառում է նաև մշակման փուլում գտնվող հրթիռների ոչնչացում, և ռուսներն այդ մասին նախազգուշացված են», - ասել է դեսպան Հաթչինսոնը:
Արևմտյան գործակալությունները նշում են, որ Միացյալ Նահանգները երբեք նախկինում այս կարգի կոշտ և հստակ սպառնալիք չի հնչեցրել Ռուսաստանի հասցեին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը: