Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյան․ Վենետիկում իսկապես աննախադեպ բան է տեղի ունեցել

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը փոխանցում է անցած շաբաթ Վենետիկ կատարած իր այցի և Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումների մանրամասները:

«Վենետիկում մի իսկապես աննախադեպ բան է տեղի ունեցել՝ դրական ելքով Հայաստանի համար», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հայտնելով, որ իտալական քաղաքում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հետ, Միրզոյանը շարունակեց․ -«Բավականին տեղեկացված էր, բնականաբար, պարոն Բուքիքիոն, ինչպես հետագայում նաև պարզվեց՝ հանձնաժողովի մյուս անդամները ևս, և՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, և՛ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների բոլոր մանրամասներից»:

«Եվ լիագումար նիստի ժամանակ արդեն ես ելույթ ունեցա, ներկայացրեցի քաղաքական վիճակը Հայաստանում, ներկայացրեցի, թե ինչու է հիմնավոր և անհրաժեշտ, որպեսզի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ինչու է անհրաժեշտ, որպեսզի այդ ընտրությունները լինեն նոր օրենսգրքով: Այնուհետև խոսեց նաև պարոն Գագիկ Հարությունյանը՝ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, ով ևս ասաց, որ ընտրությունները անհրաժեշտ են ոչ միայն և ոչ այնքան քաղաքական հանգուցալուծման, որքան նաև իրավական հանգուցալուծման տեսանկյունից, որովհետև երկրում սահմանադրական նաև ճգնաժամ է, կարելի է ասել: Եվ պարոն Հարությունյանը ևս հավաստեց, որ թեև արագ, այսինքն՝ կարճ ժամկետում, ընտրություններից մեկ ամիս առաջ ընկած ժամանակահատվածում օրենք փոխելը որոշակի ռիսկեր կարող է պարունակել, բայց, այնուամենայնիվ, էդ օրենքը չփոխել և հին օրենքով գնալ ընտրությունների՝ է՛լ ավելի ռիսկային է Հայաստանի համար», - պատմեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև, Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, «խոսեց պարոն Բուքիքիոն, ով ներկայացրեց Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները՝ դրանք գնահատելով դրական, բարձրաձայնեց մի վերապահման մասին, կրկին ժամկետի մասին է խոսքը՝ ընդհանուր առմամբ խրախուսվում է ընտրություններից մեկ տարի առաջ անել էսպիսի փոփոխություններ, մեծ փոփոխություններ, ինչպիսիք են, օրինակ, ռեյտինգայինի վերացումը և համամասնականի անցումը, և շարունակեց իր միտքը՝ ասելով, որ, այնուամենայնիվ, այդ վերապահումը էական չի, եթե կա քաղաքական լայն համաձայնություն, լայն կոնսենսուս Հայաստանում, և եթե իսկապես դա քաղաքական և իրավական հանգուցալուծում է, և կրկին անգամ ողջունեց խաղաղ անցումը, խաղաղ փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում»:

Անցած շաբաթվա վերջին «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարությամբ հանդես եկավ, որում «հիմնականում դրական» է գնահատել Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։

Մասնավորապես, փաստելով, որ «Հայաստանում ստեղծված է առանձնահատուկ իրավիճակ, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել», Վենետիկի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան։

Հիշեցնելով, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ չի տալիս Ընտրական օրենսգրքում խոշոր փոփոխություններ իրականացնել, եթե ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել, հանձնաժողովը միևնույն ժամանակ փաստում է՝ «այդ վերապահումները այդքան էական չեն, եթե փոփոխությունների շուրջ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև»։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG