Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը «հիմնականում դրական» է գնահատում ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները


Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիո, արխիվ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիո, արխիվ

Վենետիկի հանձնաժողովը «հիմնականում դրական» է գնահատում Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, երեկ իր տարածած հայտարարության մեջ նշել է հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։

Վենետիկի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան, և փաստել է, որ «Հայաստանում ստեղծված է առանձնահատուկ իրավիճակ, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել»։

Հանձնաժողովը, մասնավորապես, ողջունել է քվեարկելու իրավունքի իրականացման, լրատվամիջոցների ազատ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման, դիտորդների իրավունքների և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների թափանցիկությանը, ինչպես նաև ընտրակեղծարարության դեմ պայքարելուն ուղղված քայլերը։

Հանձնաժողովը նաև ողջունել է առաջին փուլում կոալիցիաներ կազմելիս դրանց մասնակիցների քանակի սահմանափակումների վերացումը, ինչը համապատասխանում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առանցքային երաշխավորություններին։

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը վերապահում է կատարել՝ խորհուրդ չտալով Ընտրական օրենսգրքում խոշոր փոփոխություններ իրականացնել, եթե ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել։ «Այդ վերապահումներն այդքան էական չեն, եթե փոփոխությունների շուրջ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև», - ասված է Բուքիքիոյի հայտարարությունում։

Ընտրական նոր օրենսգրքով սահմանվելու է ամբողջական համամասնական ընտրակարգ, իսկ խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվելու է մեկական տոկոսով` կուսակցությունները կընտրվեն, եթե առնվազն 4 տոկոս քվե ստանան, իսկ դաշինքները՝ 6 տոկոս: Ազգային ժողովում պետք է լինեն առնվազն չորս քաղաքական ուժեր՝ անկախ ստացած քվեների քանակից:

Սրանք այն էական փոփոխություններն են, որոնց առկայությամբ, ըստ էության, իշխանությունը մտադիր է անցկացնել դեկտեմբերին ծրագրվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Վենետիկի հանձնաժողովի նիստին նախագահի հայտարարությունը սատարել են հանձնաժողովի անդամները։ Եվ եթե Հայաստանի խորհրդարանը այս փոփոխություններին կողմ քվեարկի, ապա սպասվող ընտրությունները կանցկացվեն բարեփոխված Ընտրական օրենսգրքով։

«Անկախ կոնսենսուսից, եթե Ազգային ժողովը վավերացնի ձայների 3/5-ով Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փաթեթը, ապա դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կանցկացվեն բարեփոխված Ընտրական օրենսգրքով», - ասաց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը:

Իոաննիսյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ տեղ գտած վերապահմանը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի վերաբերյալ։ «Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունում ասվում է, որ եթե լինի կոնսենսուս, բայց նաև ես ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը այն փաստի հիմքի ներքո էր, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում միաձայն ընդունվեց, դրական եզրակացություն ստացավ փաթեթը: Պետաիրավական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել, այդ թվում՝ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն են կողմ քվեարկել, որոնք ներկա էին նիստին: Ենթադրում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը նաև պայմանավորված էր այդ հանգամանքով», - ընդգծեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ իրենց կողմից կոնսենսուսի խնդիր չի լինի։ «Բարգավաճ Հայաստան»-ի մասով վստահաբար կարող եմ ասել, որ մեր մասով կոնսենսուսը ապահովված է էն առումով, որ մենք կողմ ենք Ընտրական օրենսգրքի և կողմ ենք նոր Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալուն: Հույս ունեմ, որ մնացյալ քաղաքական ուժերը ևս մաս կկազմեն այս մեծ կոնսենսուսի, խոսքը վերաբերում է, մասնավորապես, Հանրապետականին, և երկուշաբթի օրը արտահերթին որևէ բան չի սպառնա, որտեղ քննարկվելու է Ընտրական օրենսգիրքը, և մենք նոր ընտրությունների դեկտեմբերին կգնանք նոր Ընտրական օրենսգրքով, որովհետև ամենակարևոր, սկզբունքային հարցը ընտրակարգի փոփոխության հարցն է՝ օր առաջ պետք է հրաժարվել ռեյտինգային օրակարգից: Այս նոր Ընտրական օրենսգրքով այդ հարցը կարգավորվում է», - ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Զոհրաբյանը հավելեց՝ իր համար կանխատեսելի էր հանձնաժողովի դիրքորոշումը։ Նաիրա Զոհրաբյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ և կարող է ասել, որ հանձնաժողովը չի փոխել իր սկզբունքները։ «Եվ հստակ էր Բուքիքիոյի հայտարարությունը, որ իրենք մնում են իրենց սկզբունքային այն դիրքորոշմանը, որ եթե Ընտրական օրենսգրքում ռադիկալ, արմատական փոփոխություններ են կատարվում, ինչպես, օրինակ, ընտրակարգի փոփոխությունն է, ռեյտինգայինից հրաժարում և փակ համամասնականի անցում, ապա ընտրությունները պետք է տեղի ունենան առնվազն մեկ տարի հետո: Եվ ինձ համար կանխատեսելի էր, քանի որ ես ինքս մի քանի անգամ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի խմբի և անձամբ Ջիաննի Բուքիքիոյի հետ, իրենց երկրորդ դիրքորոշումը, որ, այդուհանդերձ, հասկանալով Հայաստանի ներքաղաքական այս պահի սպեցիֆիկան, իրենք, էսպես ասեմ՝ պատրաստ կլինեն աչք փակել իրենց հանձնարարականների չպահպանման վրա, եթե լինի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կոնսենսուսը», - ընդգծեց պատգամավորը:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը, նշեց՝ եթե հանձնաժողովը կարող է ողջունել ոչ խոշոր փոփոխությունները, ապա նույնը չի կարող ասել խոշոր փոփոխությունների մասին։ «Բուքիքիոն իր հայտարարության մեջ հստակ տարանջատում է անցկացնում փոփոխությունների բնույթի հետ կապված՝ կան խոշոր փոփոխություններ, ինչպիսին է, օրինակ տարածքային ցուցակների վերացումը կամ ընտրակարգի փոփոխությունը, և կան ոչ էական, ոչ խոշոր փոփոխություններ», - նշում է ՀՀԿ պատգամավորը։

Ըստ Հովհաննիսյանի, այդ մեկ տարին «մագաղաթյա ժամկետ» չէ, բայց խոսքը ողջամիտ ժամկետի մասին է, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան վերադասավորվելու, վերադիրքավորվելու և ընտրակարգին համապատասխան իրենց մարտավարությունը որոշելու առաջիկա ընտրությունների համար, իսկ դա նշանակում է, որ նրանք պետք է ունենան բավարար ժամանակ: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հայտարարությամբ վերահաստատել է իր այս դիրքորոշումը և համարում է, որ այն կարող է պակաս կարևոր լինել ու հաղթահարվել երկրում քաղաքական կոնսենսուսի միջոցով։ Կլինի քաղաքական կոնսենսուս թե ոչ, ՀՀԿ պատգամավորն ասաց՝ դա ցույց կտա առաջիկայում խորհրդարանում քննարկումը և նախագծի վերաբերյալ քվեարկությունը։

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խմբակցությունը այս հարցի վերաբերյալ դեռևս քննարկում չի անցկացրել։ Նրա համոզմամբ, այս տեսակետը իրականում ոչ թե «սրբազան ճշմարտություն» է, այլ ժողովրդավարական պրոցեսների համար անհրաժեշտ նախապայման՝ դրանից բխող բոլոր անհրաժեշտ և բավարար հետևանքներով, ու այսպիսի արագընթացության դեպքում դա կարող է ստվերել ամբողջ պրոցեսի գնահատականը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները խորհրդարանում տեղի կունենան երկուշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG