Էր-Ռիյադը մտադիր է ամբողջական հետաքննություն անցկացնել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հարցով։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ Սաուդյան Արաբիայից Թուրքիա մեկնելիս, որտեղ, սակայն, հակառակն են պնդում:
Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանում երկու շաբաթ առաջ լրագրողի անհետացման հետաքննության գործում խոչընդոտներ կան` թուրք քննիչներին առ այժմ չի հաջողվել խուզարկություններ իրականացնել գլխավոր հյուպատոսի կեցավայրում և հյուպատոսարանին պատկանող մեքենաներում։
«Երեկ հյուպատոսի կեցավայրում խուզարկություններ տեղի չունեցան, մեզ հայտնեցին, որ այնտեղ դեռևս ընտանիքի անդամներ կան, ինքը՝ հյուպատոսը մեկնել է հայրենիք, և թե երբ կվերադառնա, մեզ հայտնի չէ: Հույս ունենք, որ խուզարկությունները նստավայրում և սաուդական մեքենաներում տեղի կունենան այսօր», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պետքարտուղար Մայք Թոմփեոյի հետ Անկարայում տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնք գնահատել է «արդյունավետ»։
ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի նախագահ միջև շուրջ քառասուն րոպե տևած բանակցություններից մանրամասները չեն հաղորդվում:
Փոմփեոն տարածաշրջան է այցելել Սպիտակ տան ղեկավարի հանձնարարությամբ՝ Հաշոգիի անհետացման շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով՝ նախ սաուդյան, ապա թուրքական իշխանությունների հետ:
Պետքարտուղարը, սակայն, կրկնել է Դոնալդ Թրամփի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը՝ թե թագավորության ղեկավարությունը կտրականապես հերքում է լրագրողի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքները, ավելին՝ որևէ տեղեկություն չունեն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր երկրի հյուպատոսարանում, «բայց խոստացել են լրջորեն զբաղվել այդ հարցով»:
Թուրք իրավապահները, որոնք արդեն զբաղվում են լրագրողի անհետացման հարցով, պնդում են, որ գործով անցնող հինգ կասկածյալներն անմիջականորեն առնչություն ունեն թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ:
The New York Times պարբերականի փոխանցմամբ, կասկածյալներից մեկի անունը Մահեր Աբդուլազիզ Մութրեբ է, նա մասնավորապես ուղեկցում է թագաժառանգին արտասահմանյան այցերի ժամանակ:
Կասկածյալներից երեքը Մուհամեդ բին Սալմանի անձնական թիկնազորից են, իսկ հինգերորդը թագավորության ռողջապահության նախարարությունում աշխատող դատական բժիշկ է: Ամերիկյան թերթը պնդում է, որ 9 կասծյալներն աշխատում են Սաուդյան Արաբիայի ռազմական և անվտանգության ծառայություններում:
Թուրք քննիչների վարկածով՝ հոկտեմբերի 2-ին, երբ Ջամալ Հաշոգին մտել է հյուպատոսարան՝ որոշ փաստաթղթեր վերցնելու համար, նրան այնտեղ հարցաքննել, խոշտանգել, սպանել են, ինչից հետո դին մասնատել են:
Հանցագործությունը կատարելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք, պնդում են թուրք իրավապահները։
Մեկ տարի առաջ հայրենիքում ձերբակալությունից խուսափելու նպատակով Վաշինգտոն տեղափոխված լրագրողը թագավորության, մասնավորապես, դրա փաստացի ղեկավար Մուհամեդ բին Սալմանի ամենակոշտ քննադատներից է:
Նրա կարծիքով՝ 33-ամյա թագաժառանգը ճիշտ բարեփոխումներ է փորձում իրականացնել, սակայն ծայրաստիճան սխալ ճանապարհով՝ ճնշելով ընդդիմախոսներին, զուգահեռաբար թանկարժեք պատերազմ սկսելով Եմենում, որը հանգեցրել է այդ երկրում հումանիտար աղետի:
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցներից մեկի՝ The Washington Post-ի թղթակցի անհետացումը բուռն քննարկումների, քննադատության տեղիք է տվել հատկապես Էր-Ռիյադի մերձավոր դաշնակից Միացյալ Նահանգների ներքաղաքական դաշտում:
Տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում՝ հանրապետական, Սպիտակ տան ղեկավարից պահանջում են պատժամիջոցներ սահմանել նավթով հարուստ և մարդու իրավունքների պաշտպանության առումով ամենահետամնաց այդ երկրի նկատմամբ: Դոնալդ Թրամփը, սակայն, հապաղում է՝ կոչ անելով սպասել հետաքննության արդյունքներին:
Թրամփը, ով նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ուղևորությունը կատարել է Էր-Ռիյադ, քննադատել է սաուդյան իշխանություններին մեղադրողներին:
Associated Press-ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. - «Ես կարծում եմ, որ նախ մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել, և այստեղ մենք կրկին բախվում ենք «դուք մեղավոր եք քանի դեռ չեք ապացուցել ձեր անմեղությունը» իրավիճակին: Ինձ դա դուր չի գալիս», - նշել է Թրամփը, ով իր նախագահության շուրջ երկու տարվա ընթացքում հասցրել է հանել վահաբիստական թագավորությանը զենք վաճառելու արգելքը, որը սահմանել էր Օբամայի վարչակազմը՝ Եմենի հակամարտության պատճառով: