Մատչելիության հղումներ

Սաուդցի լրագրողի անհետացման հանգամանքները դեռևս անհայտ են


Ջամալ Հաշոգի

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հանգամանքները շարունակում են անհայտ մնալ:

Պնդումները, թե նրան դաժանաբար սպանել են, ապա անդամահատել Թուրքիայում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, ո՛չ Էր Ռիյադը , ո՛չ էլ Անկարան չեն հաստատում:

Ավելին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարում են, թե իրենց ամենակոշտ քննադատի անհետացման հետ որևէ առնչություն չունեն:

Հաշոգիի մերձավորներն ու միջազգային մամուլը, սակայն, հակառակն են պնդում:

Սաուդյան Արաբիայի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից համարվող 59-ամյա Ջամալ Հաշոգին անհետացել է հոկտեմբերի 2-ին` Ստամբուլում իր երկրի հյուպատոսություն այցելելուց հետո:
Մի շարք միջազգային, այդ թվում թուրքական աղբյուրների տվյալներով, նա հյուպատոսության շենքում սպանվել է, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից:

Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք:

«Նյու Յորք Թայմսի» տվյալներով, թուրքական ոստիկանությունը ստուգել է հյուպատոսական ծառայության ներսում և մերձակայքում գտնվող բոլոր տեսախցիկների նկարահանումները և եկել այն եզրակացության, որ լրագրողը չէր կարրող ինքնուրույն լքել այդ շենքի տարածքը: Ոստիկանությանը հայտնի է, որ հյուպատոսարանի ավտոմեքենաները բազմիցս ներս ու դուրս են արել: Թուրքիայի իշխանությունները, սակայն, առայժմ չեն շտապում գնահատականներ կամ վարկածներ առաջ քաշել:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը՝ թագավորության կառավարության ղեկավարը, ում անձամբ քննադատում էր անհետացած լրագրողը, «Բլումբերգի» հետ զրույցում հայտարարել է, թե տեղյակ չեն միջադեպի մանրամասներին: Նա հավելել է, որ, իր տեղեկություններով, լրագրողը «մտել է հյուպատոսարան և մի քանի րոպեից կամ մեկ ժամ անց դուրս եկել»:

Լրագրողի հարսնացուն, սակայն, «Ռոյթերզին» ասել է, որ ավելի քան տասնմեկ ժամ հյուպատոսարանի մոտ սպասել է Հաշոգին, սակայն նա այդպես էլ դուրս չի եկել շենքից, ոչ էլ իրեն են ներս թողել:

Կինը պատմել է, որ հինգ ժամ սպասելուց հետո ինչ-որ մեկը հյուպատոսարանից դուրս է եկել և հայտնել, թե իր փեսացուն գնացել է:

Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամեդ ալ Օթաիբին շաբաթ օրը «Ռոյթերզի» լրագրողներին հրավիրել է դիվանագիտական առաքելություն՝ «որպեսզի համոզվեն, որ անհետացած լրագրողը ներսում չէ»: Լրատվամիջոցի փոխանցմամբ, դիվանագետը ցույց է տվեց հյուպատոսարանի բոլոր վեց հարկերը՝ ներառյալ պահարանների ներսն ու պահեստը, սակայն այն հարցին, թե ինչու շենքի ներսում և դրսում տեղադրված տեսախցիկները չեն աշխատել այն պահին, երբ լրագրողը ներս է մտել և դուրս եկել, սաուդցի պաշտոնյան դժվարացել է պատասխանել:

Ջամալ Հաշոգին ամենահայտնի սաուդցի լրագրողներից է և թագավորության իշխանությունների ամենակոշտ քննադատը:
Նա մասնավորապես հետևում էր թագաժառանգի գործունեությանը և հաճախ էր քննադատում Մոհամեդ բին Սալմանի նորարարական նախագծերն ու կասկածի տակ դնում դրանց արդյունավետությունը:

Հաշոգին գրում էր հատկապես արևմտյան երկրների հիացմունքին արժանացած սաուդական խոշոր տնտեսական ծրագրերին զուգահեռ իշխանությունների բռնապետական գործելաոճի, այլախոհներին լռեցնելու կոշտ քաղաքականության մասին:

Անցած աշնանը հայրենիքում մի խումբ լրագրողների ձերբակալություններից հետո նա որոշել էր փախչել Վաշինգտոն: Նրան համարում էին թագավորական ընտանիքի մերձավորներից, նրա կարծիքը համարվում էր հեղինակավոր քաղաքական էլիտայի շրջանում, տարիներ շարունակ նա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդարական էր:

Հայտնի վտարանդի լրագրողի անհետացման մասին լուրը կոշտ արձագանք է գտել ինչպես լրագրողական հանրության, այնպես էլ արևմտյան երկրների շրջանում:

Էր Ռիյադի մերձավոր դաշնակից Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ և պահանջել պարզել մանրամասները

Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ եթե լրագրողի սպասնության մասին տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կլինի «հրեշավոր արարք, որը հավասարազոր է արտադատարանային վճռին»:

Washington Post պարբերականը, որին թղթակցում էր սաուդցի լրագրողը, հոկտեմբերի 5-ի համարի էջերից մեկը, որտեղ սովորաբար տպագրվում էին Հաշոգիի հոդվածները, դատարկ էր: Սպիտակ էջը միայն վերնագիր ուներ՝ «Միսինգ վոյս»՝ «Անհետացած ձայն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG