Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
Ըստ Կոմիտեի, հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 15.100 դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ [Ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ] կետով և 235-րդ հոդվածի 1-ին [Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] մասով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
«Դեղագործը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի արտաքին տվյալների վերաբերյալ և անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: Հոկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կասկածյալը, ով Երևանի բնակիչ է, ծնված՝1997 թվականին: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, դանակ, 5.000 դրամի մետաղադրամների կապոց, որը քննության տվյալներով հափշտակվել էր դեղատնից:
Կասկածյալը ձերբակալվել և հարցաքննվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել դեպքի վայրի զննություն», - ասված է հաղորդագրությունում:
Կոմիտեն նշում է, որ հոկտեմբերի 14-ին կասկածյալի եղբայրը ներկայացրել է նաև MP-654K մոդելի T12049377 համարի ատրճանակը, որը, ըստ հայտարարության, դեպքի օրը գտնվել է 21-ամյա երիտասարդի մոտ։
«Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաքրեագիտական փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում: