Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետն այսօր վաղ առավոտյան արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ եղավ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղկեպսակ տեղադրեց, շրջեց թանգարանում, անվանական եղևնի տնկեց Հիշողության պուրակում՝ նախօրեին Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի տնկած ծառի կողքին:
Կանադան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսում պատասխանելով կանադացի լրագրողներից մեկի հարցին, թե մտադի՞ր է արդյոք բարձրաձայնել, որ որոշ երկրներ չեն ճանաչում ցեղասպանությունը, վարչապետ Թրյուդոն ասաց․ - «Մենք շարունակելու ենք միջազգային մակարդակով ջատագովել ցեղասպանության ճանաչումը՝ հասկանալով, որ անցյալի ճանաչումը առաջին քայլն է դեպի հաշտեցում և խաղաղություն: Մենք շարունակելու ենք միջազգային մակարդակով ջատագովել ցեղասպանության ճանաչումը՝ հասկանալով, որ անցյալի ճանաչումը առաջին քայլն է դեպի հաշտեցում և խաղաղություն»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով էլ՝ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև անվտանգության խնդիր է: Հայաստանի վարչապետը կանադացի գործընկերոջը հիշեցրեց՝ երրորդ տասնամյակն է՝ Թուրքիան փակ է պահում սահմանը:
«Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ, և ըստ էության, մեզ համար սա նաև անվտանգային սպառնալիք է: Ղարաբաղի հարցը ծագել է այն համատեքստում, որ Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքը, և աչքի առաջ ունենալով նախկին ցեղասպանության պատմությունը՝ մարդիկ ուղղակի ցանկացել են պաշտպանել և ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը», - հայտարարեց Փաշինյանը:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «Ազատության» հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կանադայի վարչապետին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Ջասթին Թրյուդոն էլ շեշտում էր, որ Օտտավան կոչ է անում խաղաղության բանակցությունների միջազգային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, հույս հայտնելով, որ լուծում կգտնվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:
Հայ-կանադական բարձր մակարդակով շփումներում թե՛ երեկ, թե՛ այսօր մի քանի անգամ անդրադարձ եղավ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը: Ջասթին Թրյուդոն ասում էր՝ երբ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ էին, Հայաստանն օրինակ ծառայեց բոլորին, ինչը հիանալի էր: Ասաց՝ Երևան է ժամանել, որպեսզի նաև ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը: «Հայաստանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին», - երեկ Բաղրամյան 26-ում Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է Թրյուդոն:
Հայաստանի ղեկավարը ևս այսօր խոսեց երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Կանադայի առաջնորդի ներկայությամբ կարևորելով դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
«Այլևս երբեք ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, և այլևս երբեք ժողովրդի կամարտահայտությունը չի արհամարհվելու՝ սա է հիմնական քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը իմ կամ մեր քաղաքական թիմի պատկերացումը չէ միայն, այլ մեր ողջ ժողովրդի պատկերացումն է», - ասաց Հայաստանի վարչապետը:
Փաշինյանը պատմեց, որ Կանադայի վաչապետին ներկայացրել է Հայաստանում ներդրումների համար նոր հնարավորությունները: «Մենք ուզում ենք մի միջավայր ստեղծել, որտեղ ներդրումները, տնտեսական գործունեությունը պայմանավորված չէ կառավարության քմահաճույքներով, կամ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով», - ասաց նա:
Թրյուդոյի խոսքով՝ Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, այն հետաքրքիր է կանադացի ներդրողների համար: Նա անդրադարձավ նաև Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման հնարավորությանը․ - «Շատերն էին դրա մասին մասին ինձ հարցնում: Մենք հասկանում ենք, որ սա նշանակալի մարտահրավեր է, եթե հաղթահարենք: Մեր հարաբերությունները խորացնելուն զուգընթաց դիտարկում ենք այդ հնարավորությունը: Ինչքան ավելի ժողովուրդների շփումները, ներդրումները շատանան, ակնհայտ ու անհրաժեշտ կլինի դեսպանատան բացումը»: Հայաստանի վարչապետն էլ ավելացրեց․ - «Այսինքն, մենք պայմանավորվեցինք սկզբից դեսպանատան ներսի բովանդակությունը կառուցել, հետո միայն՝ պատերը»:
Անկախացումից ի վեր Հայաստան առաջին անգամ է այցելում Կանադայի ղեկավար: Նիկոլ Փաշինյանը սա պատմական իրադարձություն որակեց․ - «Ես հույս ունեմ, որ այս պատմական իրադարձության արդյունքում մեր հարաբերություններում պատմական զարգացումներ կլինեն: Երկրների հարաբերությունները առաջին հերթին մարդկանց հարաբերություններ են, և եթե հենց այդ տեսակետից գնահատենք իրավիճակը, կարող ենք ասել, որ իսկապես Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են»:
Այսօր Կանադայում ապրող հայերի թիվը հասնում է 60 հազարի: Ջասթին Թրյուդոն հիշեցրեց, որ սիրիական պատերազմի հետևանքով փախստական դարձած մեծ թվով հայերի է ընդունել իր երկիրը: «Ճիշտ ինչպես այստեղ Երևանում հայերն ընդունեցին սիրիահայ փախստականներին, կանադահայերը նույնպես գրկաբաց ընդունեցին, իրենց սիրտը բացեցին սիրիացի ընտանիքների առջև, որոնք փախչելով հակամարտությունից ժամանեցին Կանադա», - ասաց Կանադայի վարչապետը:
Ի դեպ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանադացի պաշտոնակցին նվիրել է Հայաստանի եռագույնով գուլպաներ՝ հայկական մի ընկերության մտահղացումն է: Ջասթին Թրյուդոն հայտնի է իր բազմերանգ գուլպաներով:
«Ինչով է հայտնի պարոն Թրյուդոն և ինչով եմ հայտնի ես, ինչով կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ․ ես կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն հայտնի է իր գուլպաներով», - ասաց Հայաստանի վարչապետը:
Այսօր երկու երկրների ղեկավարները ասուլիսի էին եկել հենց այդ գուլպաներով:
Ջասթին Թրյուդոն աշխարհի ամենահայտնի երիտասարդ առաջնորդներից է: Նա Հայաստանում եղել է 1984 թվականին, երբ 13 տարեկան էր, հոր՝ Կանադայի պաշտոնաթող վարչապետի հետ:
Ջասթին Թրյուդոյի այցն ավարտվում է այսօր, երեկ նրան ընդունել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը: