Մատչելիության հղումներ

«Նախնական տվյալներով, Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից». Վարուժան Ավետիսյան


Արայիկ Խանդոյան, արխիվ

Երեկ կեսգիշերին մահացել է Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի անդամ, որպես «Միայնակ Գայլ» հայտնի Արայիկ Խանդոյանը։ Ինչպես «Ազատության»-ը հայտնեց «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, 47-ամյա Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից:

«Նախնական տվյալներով, ըստ «Գյումրու» բժշկական կենտրոնի տվյալների, սրտի կաթվածից է մահացել, բնականաբար դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա ամբողջական պատկերը։ Ուներ խնդիրներ, հատկապես նկուղում էդ ծեծի հետևանքով իրա վիճակը շատ էր վատթարացել», - ասաց Ավետիսյանը։

Արայիկ Խանդոյանն իր կյանքի վերջին երկու տարին անցկացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, պաշտպանների պնդմամբ, անմարդկային պայմաններում:

Նա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Նա մեղադրվում էր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու համար։

2017 թվականի հունիսի 28-ին Խանդոյանը և խմբի մի քանի անդամներ հայտարարել էին, թե դատարանի նկուղում մի խումբ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել իրենց:

Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը պնդում էր, որ 10-15 ոստիկան հերթ կանգնելով դաժանաբար ծեծել են պաշտպանյալին՝ նրան պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Չնայած պաշտպանների հայտարարություններին, թե Խանդոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, Խանդոյանի խափանման միջոցն այդպես էլ նախկին իշխանության օրոք չփոխվեց: Միայն հեղափոխությունից հետո բավարարվեց նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանի միջնորդությունը և ազատության մեջ նա հասցրեց ապրել երկուսուկես ամիս:

Արայիկ Խանդոյանն ունի 5 երեխա: Նա, որպես արցախյան պատերազմի մասնակից, արժանացել է պարգևների և մարտական մեդալների:

Ի նշան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի 2015 թվականին նա հրաժարվել է իր մարտական մեդալներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG