Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՍԴ նախագահը հնարավոր է համարում Սահմանադրության փոփոխությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկին, արխիվ

Ըստ «Մեդուզա»-ի՝ Ռուսաստանում արդեն մինչև այս տարվա վերջ կանցկացվի սահմանադրական ռեֆորմ, նչը թույլ կտա Վլադիմիր Պուտինին արտահերթ ընտրություններ անցկացնել ու պահպանել իշխանությունը 2024-ից հետո:

Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը երեկ «Ռոսիյսկայա գազետա» թերթում հոդված է հրապարակել, որում հնարավոր է համարել երկրի Սահմանադրության փոփոխությունը:

«Սահմանադրության խորքային իրավական իմաստը թույլ է տալիս հարմարեցնել Սահմանադրության տեքստը նոր սոցիալ-իրավական իրավիճակին», - գրել է Զորկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Սահմանադրությունը ունի որոշ թերություններ, այդ թվում՝ հակակշիռների համակարգում, իշխանության մյուս թևերի համեմատ գործադիր իշխանության ավելի ուժեղ դիրքերն են թերություն, նախագահի և կառավարության լիազորությունների ոչ այնքան հստակ տարանջատումը նաև:

Բացի այդ, ըստ Զորկինի, Սահմանադրությունը հստակ չի բնորոշում նախագահի վարչակազմի և դատախազության լիազորությունները:

Կան նաև խնդիրներ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում` դրանց լիազորությունները մեծ են, ինչը Ռուսաստանի Սահմանադրական դատարանի ղեկավարը արդարացված չի համարում:

Ավելի վաղ «Մեդուզա»-ն, վկայակոչելով այլ աղբյուրներ, գրել է, որ Ռուսաստանում արդեն մինչև այս տարվա վերջ կանցկացվի սահմանադրական ռեֆորմ, և փոխելով Սահմանադրությունը՝ կստեղծվի երկրի կառավարման նոր մոդել, ինչը թույլ կտա նախագահ Վլադիմիր Պուտինին արտահերթ ընտրություններ անցկացնել ու պահպանել իշխանությունը 2024 թվականից հետո:

Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի լիազորությունները ավարտվում են 2024-ին: Այս տարի 66-ամյա Պուտինը չորրորդ անգամ է ընտրվել նախագահի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով, և 2024-ին նորից ընտրվելու հնարավորություն Սահմանադրությունը նրան չի տալիս՝ նա առնվազն վեց տարով պետք է թողնի Կրեմլը:

Սակայն ընտրությունների հենց հաջորդ օրը ռուսական մամուլը սկսեց ակտիվորեն քննարկել Սահմանադրության փոփոխության հարցը:

Խնդիրը նաև այն է, որ Ռուսաստանի նախագահը վերջին ամիսներին շատ արագ կորցնում է իր վարկանիշը, մեծամասամբ՝ վերջերս ընդունված կենսաթոշակային ռեֆորմի պատճառով:

Ռուսաստանի Սահմանադրությունը ընդունվել է 25 տարի առաջ, և այդ Սահմանադրությունը թույլ է տվել երկրի առաջին նախագահ Բորիս Ելցինին ունենալ ոչ միայն իրական, այլև՝ Սահմանադրությամբ հաստատված իշխանություն հետխորհրդային Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG