«Պետք է շարունակեմ ջանքեր ներդնել, որպեսզի Հայաստանն ընթանա ժողովրդավարական ճանապարհով», - երեկ ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն՝ընդունելով Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում ծավալած բեղուն ու արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:
ԱԺ նախագահը նշել է, որ երկկողմ համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել, ինչը բխել է երկու երկրների շահերից. հետևողական և նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ ձգալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում:
Բաբլոյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական կապերը, որոնք վերջին շրջանում բավականին ակտիվ են եղել:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներհայաստանյան վերջին իրադարձություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ ինքը՝ որպես Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, երկրում ժողովրդավարությունն առավել զարգացնելու և ամրապնդելու նպատակով մշտապես գործընկերներին հորդորում է օժանդակել Հայաստանի նոր կառավարությանը:
«Պետք է շարունակեմ ջանքեր ներդնել, որպեսզի Հայաստանն ընթանա ժողովրդավարական ճանապարհով, բոլոր հարցերը լուծում ստանան քաղաքական երկխոսության, բանակցությունների ու քննարկումների մթնոլորտում՝ երկիրը զերծ պահելով հնարավոր ցնցումներից», - նշել է օրենսդիր մարմնի ղեկավարը:
Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի այս դիրքորոշումը: «Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն իմ պաշտոնավարման տարիներին: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի աջակցել հայ ժողովրդին ամուր և անկախ խորհրդարանի կայացման գործում», - ասել է ԱՄՆ դեսպանը:
Ռիչարդ Միլսը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվել է 2014 թվականի դեկտեմբերին: Այդ պաշտոնում նրան փոխարինելու համար Դոնալդ Թրամփի վարչակազմն անցած ամիս առաջադրել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի գործերով ավագ խորհրդական Լին Թրեյսիի թեկնածությունը: