Մատչելիության հղումներ

Տնտեսության շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը․ վարչապետի գլխավոր խորհրդական


Հայաստանի տնտեսության շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Հայաստանի տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և, հետևաբար, այդ պատկերը, որպեսզի ունենանք երկարաժամկետ քաղաքական տեսլական, պետք է ամբողջացվի, որովհետև, այո', գործարարները, որոնք ցանկություն ունեն, հետաքրքրված են Հայաստանի հետ աշխատելու, նրանք հարցնում են ընտրությունների մասին, որը բնական է, քանի որ իրենք տեսնում են, որ գոյություն ունի խորհրդարան Հայաստանում, Հայաստանն էլ այսօր խորհրդարանական հանրապետություն է, և գոյություն ունի ժողովուրդ, որը դեմ է խորհրդարանին», - ասաց վարչապետի գլխավոր խորհրդականը։

Գասպարյանը երեկ հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ եթե խորհրդարանական ընտրությունները կայանան անգամ մյուս տարի, այն որևէ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ:

«Դա առաջին հերթին ժողովրդի պահանջն է, որ արտահերթ ընտրություններ կայանան։ Տնտեսության վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունենա, որովհետև Հայաստանում վիճակը կայուն է, և եթե ընտրություններ են տեղի ունենում՝ լինի դա Հայաստանում, թե որևէ այլ երկրում, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ», - ասել էր Գասպարյանը»։

Մինչդեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը պնդում է՝ որքան ուշ կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններն, այնքան ավելի վատ Հայաստանի տնտեսության համար:

Երկու օր առաջ խորհրդարանում Հանրապետական, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո, Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված բազմահազար մարդկանց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ հայտարարեց՝ երկրում հաստատվել է քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոն պետք է կայանան այս դեկտեմբերի առաջին կեսին:

Հանրապետական կուսակցությունը, հիշեցնենք, դեմ է խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն: Ավելին՝ ՀՀԿ-ն պնդում է ընտրություններն անցկացնել գալիք տարվա մայիս-հունիս ամիսներին:

Արսեն Գասպարյանի երեկվա հայտարարությունը չվրիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծահարուստ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աչքից, ով իր անվան հետ կապվող «Կենտրոն» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում ուղղակի մեջբերեց այն. - «Այսօր ինքն այսպես է ասում, իրա գլխավոր օգնական Արսեն Գասպարյանն ասում է՝ «ի՞նչ կապ ունեն խորհրդարանական ընտրությունները ներդրումների հետ», բացեք կարդացեք»։

Վերադառնանք վարչապետի գլխավոր խորհրդականի այսօրվա ասուլիսին. Գասպարյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո օտարերկրյա ներդրողները հատկապես հետաքրքրված են հայաստանյան ջրային ռեսուրսներով, ջրամբարների կառուցմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով, շինարարությամբ, այլընտրանքային էներգետիկայով, գյուղատնտեսությամբ, թեթև արդյունաբերությամբ և զբոսաշրջությամբ:

«Ծավալի մասին տարբեր են, այսինքն՝ ծրագրեր կան, գիտեք, գյուղատնտեսությունում, օրինակ, ծավալը կարող է մեկը լինել, շինարարության մեջ՝ ուրիշ, բայց կան ընկերություններ, որոնք 50 միլիոն դոլար և ավել պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում։ Ընդհանուր ծավալը դեռ հաշվել մի քիչ դժվար է և ճիշտ չի լինի, որովհետև պետք է հասկանալ, ոլորտները բաժանել և տեսնել, թե ամեն ոլորտում ինչպիսի ներդրումներ կարող են լինել և ինչ ծավալի», - ասաց Գասպարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG