Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ որ վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն, և եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն՝ ընտրությունները տեղի չեն ունենա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները տեղի կունենան»:

Նիկոլ Փաշինյանը այսօր անակնկալ այցելեց խորհրդարան: Առավոտյան պարզվեց, որ խորհրդարանական երեք ուժերը՝ Հանրապետականը, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ են առաջարկել: Ըստ դրանց, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ, արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին: Սա հնարավորություն կտա անընդհատ նիստ գումարել:

Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում համոզված են՝ այս փոփոխությունները արտահերթ ընտրությունների անցկացման հարցով խորհրդարանի վրա ճնշումը բացառելու համար են:

Վարչապետը երեկ ասել էր, որ հնարավորինս շուտ արտահերթի անցկացման կողմնակից է՝ երկու-երեք ամսվա ընթացքում, մինչդեռ թե՛ Հանրապետականի, թե՛ «Ծառուկյան» դաշինքի ու Դաշնակցության պատգամավորները Փաշինյանի նշած ժ֊ամկետների հարցում վերապահումներ ունեն:

Ո՞րն է Հանրապետականի համար ընդունելի ժամկետը: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր էլ չհստակեցրեց, միայն կարծիք հայտնեց, որ «խորհրդարանը շուտափույթ լուծարելու որևէ հիմք չկա»:

Այսօր ավելի վաղ Աշոտյանը չէր բացառել, որ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում կգան ընդհանուր հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ երեկվա հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում Հանրապետականի համաձայնությունը դեռ չի ստացել:

«Չեմ բացառում, որ այդ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում կողմերը կգան ընդհանուր հայտարարի: Այդ հայտարարը որտեղ կլինի, այդ հայտարարը ինչպիսին կլինի՝ ժամանակային առումով, բովանդակային առումով, կախված է կողմերից իհարկե: Բայց երբ որ գալիս են բանակցությունների, վստահաբար, պետք է պատրաստ լինեն նաև կոմպրոմիսների՝ երկու կողմը», - ասաց Արմեն Աշոտյանը:

Խորհրդարանական մյուս խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու պայմանավորվածություններ դեռևս չկան: «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Հայաստանում չէ, խմբակցությունն էլ վարչապետից չի ստացել հանդիպման հրավեր, «Ազատությանը» փոխանցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս վարչապետից հանդիպման հրավեր չէր ստացել:

Թե՛ «Ծառուկյան» խմբակցությունում, թե՛ Դաշնակցությունում խնդրահարույց են համարում վարչապետի նշած՝ արտահերթի անցկացման ժամկետները՝ երկու-երեք ամիսը:

Իվետա Տոնոյանն ասաց՝ իրենք կողմ են ընտրությունները ողջամիտ ժամկետներում անցկացնելուն, իսկ ահա երկու-երեք ամիսը ողջամիտ չեն համարում․ - «Գյուղապետի ընտրություններ չեն կամ, չգիտեմ, ասենք, մի մարզական միջոցառում չի, որ հնարավոր է մեկ ամսում վերադասավորվել: Խոսքը նաև քաղաքական ուժերի վերադասավորվածության մասին է, որովհետև բազմաթիվ քաղաքական ուժեր դեռևս ավագանու ընտրություններից, էսպես, ուշքի դեռևս չեն եկել, և էստեղ քաղաքական ուժերի վերադասավորման, վերակազմավորման և ամբողջ թափով, նորմալ ծրագրով ընտրություններին մասնակցելու անհրաժեշտություն կա»:

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը մի շարք նախապայմաններ թվարկեց: Այդ ժամանակ միայն, ասաց, երկու-երեք ամիսը իրենց համար ընդունելի կլինի: «Անհապաղ ընտրություններին մենք միանշանակորեն դեմ ենք: Եթե մենք այդ ընթացքում կհասցնենք փոխել Ընտրական օրենսգիրքը, եթե մենք այդ ընթացքում կհասցնենք ստանալ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, եթե մենք այդ ընթացքում կունենանք այնպիսի հավասար պայմաններ, որոնք կտրվեն բոլոր կուսակցություններին՝ նախապատրաստվելու, ապա, այո, կողմ կլինենք: Բայց ըստ էության, այդքան կարճ ժամանակում, ես չգիտեմ՝ կհասցնե՞նք, թե՞ չէ», - ասաց Կյուրեղյանը:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի կարծիքը հետևյալն է․ - «Նույն արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող էին անցկացվել մայիսին: Իսկ չանցկացվեցին միայն ու միայն այն պատճառով, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերադասավորվելու, վերանայելու իրենց տեսակետները, վերագտնելու որոշակի հանրային աջակցություն: Իսկ կան քաղաքական ուժեր, որոնք փոխանակ գնային այս ճանապարհով, որը թույլ կտար ներկայացվածություն ունենալ հաջորդ խորհրդարանում, իրենք շարունակում են դեմ գնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքին և մսխել իրենց տեղից էլ մսխված քաղաքական կապիտալը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG