Մատչելիության հղումներ

Հանրապետականի համոզմամբ, արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2019-ի մայիս-հունիսին


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին:

Այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, խմբակցությունը ընդգծում է՝ Հանրապետականը որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

«Հանրապետական» խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում և վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը և ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին», - ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այս հայտարարությունից առաջ էլ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ գիշերը խորհրդարանում տեղի ունեցած քննարկմանը մասնակցած հանրապետականներն այսօր շեշտում էին՝ վարչապետի հետ պայմանավորվածություն չէր էլ կարող լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր եկել ընդամենն իրազեկելու, որ առաջիկայում հրաժարական է տալու և ընտրություններն էլ լինելու են այս տարվա դեկտեմբերին:

Մասնավորապես, ինչպես նշեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանը նախապես արդեն ծրագրել էր հրաժարական տալ և դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների, իսկ երեկ ընդունված Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունն ընդամենը պատրվակ էր Փաշինյանի համար՝ իր քաղաքական ծրագրերն արագ կյանքի կոչելու նպատակով:

Ի դեպ Արմեն Աշոտյանն այսօր մանրամասներ փոխանցեց երեկվա հանդիպումից՝ ասելով, որ իրենք առաջարկել են Փաշինյանին՝ ընտրություններն անել հաջորդ տարվա մայիսին և այդ դեպքում իրենք առանձին վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Սակայն Փաշինյանը մերժել է այդ առաջարկը:

«Չի կարող լինել պայմանավորվածություն իրազեկման գործընթացի դեպքում։ Վարչապետը երեկ ինքն ասաց, որ գուցե ոչ ամբողջությամբ է կարողացել բյուրեղացնել այդ խոսակցությունը, չեմ ուզում այդտեղ փնտրել հնարք։ Ամենատարածված երեք փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ տեղափոխենք ընտրությունները մայիս, հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը. ընդունենք վենետիկյան ռեկոմենդացիաներն՝ այդ օրենսգրքից հետո ընտրությունները 6-ից 8 ամսվա ընթացքում կազմակերպելու համար, թողենք մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակն ու գնանք ընտրությունների», - ասաց Աշոտյանը։

Հարցին, թե այդ դեպքում իրենք խոստանում վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Աշոտյանը պատասխանեց. - «Այդ ձեր ասած գործողությունը կարող է լինել փաթեթի մաս։ Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին բացի դեկտեմբերից, ակնհայտ է, որ շատ սրամիտ ձևակերպում էր գտել՝ սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար»։

Իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ինչպես հայտարարեց երեկ, արդյո՞ք Հանրապետականը կհրաժարվի վարչապետի թեկնածու առաջադրել, ասաց թե նման հարց չեն քննարկել, Փաշինյանը թող հրաժարական տա, կտեսնեն։

«Ազատություն». - Բացառո՞ւմ եք, որ Հանրապետականը կհամաձայնի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Շարմազանով. - Մեր օրակարգում նման բան չկա։ Եթե պետք է արտահերթ անեինք առանց կուսակցությունների մասին օրենքի, եթե արտահերթ պետք է անեինք առանց Ընտրական օրենսգրքի, հենա մայիսի 8-ին չընտրեինք վարչապետ, միանգամից գնայինք ընտրության, ո՞րն է տարբերությունը։ Ինչի այն ժամանակ ժողովուրդը չէ՞ր պահանջում ընտրություն, այն ժամանակ էլ էին պահանջում։ Ինձ համար էդ մոտիվացիան հասկանալի չէ։ Ես մի խնդրանք ունեմ մեր ժողովրդին՝ «հանկարծ ստեղ որևէ մեկը, սիրելի ժողովուրդ, չմտածի, որ ես կոնկրետ ինչ-որ մանդատի կռիվ եմ տալիս, կամ պաշտոնի։ Ստեղ մի խնդիր կա, որպեսզի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չբռնաբարվի։

«Ազատություն». - Ինչո՞ւ եք ասում՝ եկեք գնանք մայիսին և այդ դեպքում վարչապետ չեք առաջադրի։ Ձեր դրդապատճառը ո՞րն է։

Շարմազանով. - Մեր դրդապատճառը նա է, որ էդ օրենքները, որ պետք է ընդունենք, կընդունենք՝ առանց շտապելու։

«Ազատություն». - Այդ դեպքում խոստանում եք չառաջադրե՞լ վարչապետի թեկնածու։

Շարմազանով. - Դա բանակցությունների թեմա է։

«Ազատություն». - Հուշագիր կստորագրե՞ք, պատրա՞ստ եք այդօրինակ հուշագիր ստորագրել, որ եթե ընտրությունները տեղափոխվեն մայիսին, դուք հուշագիր կստորագրեք, որ վարչապետ որևէ դեպքում չեք առաջադրի։

Շարմազանով. - Իսկ վարչապետը պատրա՞ստ է դեկտեմբերը տեղափոխել մայիս։ Այ երբ որ պատրաստ լինի, այն ժամանակ մենք էլ մեր կարծիքը կասենք։ բայց մեր սիրելի պարոն վարչապետը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ, ասում՝ դեկտեմբեր։ Փորձենք քննարկել, ինձ համար դա է անհասկանալի՝ ինչո՞ւ հենց դեկտեմբեր, ինչո՞ւ ոչ փետրվար, ոչ ապրիլ։

«Ազատություն». - Կարո՞ղ եք բացառել, որ երբ հրաժարական ներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին նա արդեն հայտարարել է, վարչապետի թեկնածու Հանրապետականը չի առաջադրի։

Շարմազանով. - Մի հատ կտեսնենք Փաշինյանը երբ է հրաժարական տալիս, տալիս է, թե՞՝ չի տալիս, դրանից հետո նոր ամեն հարցի կպատասխանենք։

Ի դեպ Շարմազանովի համոզմամբ, այն, ինչ երեկ արեց Փաշինյանը՝ ժողովրդին բերելով խորհրդարան, անընդունելի է, կառավարությունն, ըստ ԱԺ փոխնախագահի, իրավունք չունի այդպիսի քայլերով ճնշումն գործադրել խորհրդարանի վրա։

«Չի կարելի Ազգային ժողովի վրա ճնշում գործադրել։ Ես համոզված եմ և բոլորդ էլ գիտեք՝ ուզումէ երեք միլիոն մարդ գա, ինչ ա՝ ծեծելո՞ւ էին, ի՞նչ էին անելու, 96-ին էլ էին մտել ազգային ժողով: Ինչի՞ վարաչապետն էդ մարդկանց բերեց, հանուն ինչի՞», - ասաց ԱԺ փոխնախագահը:


Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունում նույնպես դեմ են ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկին։ Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով ևս գիշերը մասնակցել է վարչապետի հետ խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանն, այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք ողջամիտ են համարում ընտրություններն անցկացնել հաջորդ տարի՝ մինչև հունիս:

«Մենք էլ ենք համարում, որ ողջամիտ կլիներ, որ էդ ընտրություններն անցկացվեին հաջորդ տարի մինչև հունիսի 1-ը և էդ մայիս-հունիս ամիսների առաջարկը հնչեցվել է նաև մեր կողմից, բայց վարչապետը հաստատակամ մնաց իր նախապես որոշված պայմանին, այն է՝ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին։ Այս առումով չկայացան կոնկրետ համաձայնություններ։ Մենք պատրաստ էինք, եթե վարչապետը համաձայներ ընտրություններն անցկացնել մայիս-հունիս ամիսներին, այնտեղ քննարկվում էր վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու հնարավորությունը, բայց քանի որ վարչապետը պնդեց իր սկզբնական դիրքորոշումը և ոչ մի հետքայլ չարեց բանակցային իմաստով, այստեղ որևէ պայմանավորվածություն չկայացավ», - ասաց Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG