Մատչելիության հղումներ

ԱԺ կանոնակարգում փոփոխություններով խորհրդարանը ցրելը դառնում է պրոբլեմատիկ. քաղաքագետ


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, հոկտեմբերի 2-ին խորհրդարանի կանոնակարգ օրենքում հանրապետականների նախաձեռնությամբ իրականացված փոփոխություններով Ազգային ժողովն արձակելը, ցրելը դառնում է պրոբլեմատիկ։

Գրիգորյանի խոսքով՝ ՀՀԿ այդ քայլով փորձեց փոխել ժողովրդավարության կարևորագույն էլեմենտը։

«Ցանկացած դեմոկրատական երկրի, կիսադեմոկրատական, ավտորիտար երկրների վերցրեք, նայեք սահմանադրությունները, բոլորում, առանց բացառությամբ, կա մեխանիզմ, թե ոնց է ցրվում Ազգային ժողովը, և կա մեխանիզմ, թե ոնց են վարչապետին հայտնում անվստահություն, կամ ինքնաբացարկ է տալիս վարչապետը, կամ իմպիչմենտ նախագահին՝ նախագահական համակարգերում, նրանք փորձեցին փոխել այդ ժողովրդավարության կարևորագույն էլեմենտը։ Ստացվում է այնպես, որ Ազգային ժողովը չեն կարող ցրել, դա անհեթեթություն է, բայց դու չես կարող այդ գլխավոր դրույթները ձեռք տալ, որոնց համաձայն ցանկացած, խորհրդարան կարող է ցրվել տարբեր մեխանիզմներով, տարբեր ճգնաժամների ժամանակ», - ասաց քաղաքագետը։

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, ՀՀԿ-ն այս փոփոխությունը նախաձեռնեց, որովհետև համոզված չէ, թե ինչով կավարտվեն նոր ընտրությունները։

«Հանրապետականները նոր ընտրություններում կամ ընդհանրապես չեն կարողանալու մասնակցել... ժողովրդի կարծիքն իրենք իրենց մասին հասկացան, իմացան ու հասկանում են, որ նույնիսկ, եթե մասնակցեն, նույնիսկ, եթե մեծ ռեսուրս օգտագործեն, շատ քիչ ձաներ կհավաքեն։ Ե՞րբ իրենք դա հասկացան, պարզ է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Երևանի ավագանու ընտրություններից հետո պարզ դարձավ ով, ով է։ Իմ կարծիքով ժողովրդի այս տրամադրությունները ցույց տվեցին իրենց, որ ոչ մի շանս չունեն լուրջ արդյունքներ ստանալ ընտրությունների ժամանակ», - ասաց քաղաքագետը։

Հարցին, թե հիմա ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է անեն՝ թե՛ իշխանությունները, թե՛ կուսակցությունները, Գրիգորյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ անպայման պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ։ Այստեղ ես մտավախություն ունեմ, որ կարող են իրենք պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ, որ թեկնածու չեն դնի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց վերջին պահին խաբեն ու բերեն։ Բայց Նիկոլ Փաշինյանն ընտրեց մի ճանապարհ՝ սահմանադրական, ճանապարհ, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, ցույց է տալիս իր վերաբերմունքը, և դա կամաց-կամաց կստիպի առաջին հերթին հանրապետականներին հետ կանգնել ավանտյուրաներից։ Բայց ես համաձայն եմ՝ մեխանիզմը, թե ո՞նց պետք է արվի, ռեալ չկա, քանի որ իրենք վստահելի պարտնյոր չեն՝ Հանրապետականները կարող են խաբել»։

Քաղաքագետը խորհուրդ տվեց փոփոխություններին կողմ քվեարկած պատգամավորներին մի քիչ շփվել մարդկանց հետ։

«Ես մի քիչ մտավախություն ունեմ անկեղծ ձեզ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը տանում է գիծը Սահմանադրության շրջանակներում լուծել՝ առանց բռնության, բայց, եթե իրենք նորից այս ձևի սադրանքներ անեն, ինչ-որ պահից ժողովուրդն իր քայլերը կանի, այդ թվում՝ կոշտ մեթոդներ կկիրառի սրանց նկատմամբ, քանի որ ոչ ոք իրավունք չունի ձեռ առնել հայ ժողովրդին», - ասաց Գրիգորյանը։

Ազգայի ժողովը հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգ օրենքում: Կողմ քվեարկեցին արտահերթ նիստին ներկա Հանրապետական, «Ծառուկյան» և Դաշնակցության խմբակցությունների անդամները:

Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:

Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG