Մատչելիության հղումներ

«Մենք մեր պլաններով գնալու ենք առաջ». Նիկոլ Փաշինյան


«Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մենք իրար ճիշտ ենք հասկանում, ես կարծում եմ, որ էդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են ծագել», - այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հանրապետականների հայտարարություններին։

«Այսօր պարոն Աշոտյանն ակնարկում էր, որ հնարավոր է մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար։ Էս դեպքում հարց է ծագում՝ եթե մենք խոսում ենք և ճիշտ չենք հասկանում իրար, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը։ Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մենք իրար ճիշտ ենք հասկանում և մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, ես կարծում եմ, որ էդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են ծագել», - ասաց Փաշինյանը։

Հարցին, թե այդ պարագայում ինչպե՞ս է շարունակվելու գործընթացը, վարչապետը պատասխանեց. - «Մենք մեր պլաններով գնալու ենք առաջ, և կարծում եմ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է, և ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն, և մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով երեկ Ազգային ժողովում խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություներից հետո Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին փոխանցեց, որ բանակցությունների ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ նրա հրաժարականի դեպքում չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու։

Այսօր «Ազատության» հարցին՝ «հիմա եթե վարչապետը հրաժարական տա, ինչպես ասել է, դուք պատրա՞ստ եք այդ հրաժարականից անմիջապես հետո վարչապետի թեկնածու չառաջադրել», ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է․ - «Նման հարց մենք չենք քննարկել, թող հրաժարականը տա, հետո կտեսնենք»:

Շարմազանովի պնդմամբ՝ գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խորհրդարանական ուժերը ընդհանուր հայտարարի չեն եկել, և վերջնական պայմանավորվածություն չկա:

Աշոտյանն էլ այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է. - «Վարչապետը երեկ ինքն էր ասում, որ գուցե ոչ ամբողջությամբ է կարողացել բյուրեղացնել երեկվա խոսակցությունը»։

Ըստ Աշոտյանի, հանդիպման ժամանակ հանրապետականները վարչապետին առաջարկել են արտահերթ ընտրություններն անցկացնել եկող տարվա մայիսին, որի դեպքում, ըստ Արմեն Աշոտյանի, պատրաստակամություն են հայտնել վարչապետի թեկնածու չառաջադրել:

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա դեկտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG