Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա»


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

«Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա», - «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը:

Նրա պնդմամբ՝ գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խորհրդարանական ուժերը ընդհանուր հայտարարի չեն եկել, և վերջնական պայմանավորվածություն չկա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ իրենք չեն հասկանում, թե ինչու է Փաշինյանը պնդում, որ հենց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվեն և ոչ թե, ասենք, հաջորդ տարվա փետրվարին կամ գարնանը: Շարմազանովն ընդգծեց՝ իրենք պնդում են, որ ընտրություններն անցկացվեն մայիսին՝ առանց շտապելու, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հասցնեն պատրաստվել, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդունվեն, Վենետիկի հանձնաժողովի գնահատականը լինի, այսինքն՝ և՛ օրենսդրությունը, և՛ քաղաքական դաշտը ամբողջովին պատրաստ լինեն:

«Ազատության» հարցին՝ «հիմա եթե վարչապետը հրաժարական տա, ինչպես ասել է, դուք պատրա՞ստ եք այդ հրաժարականից անմիջապես հետո վարչապետի թեկնածու չառաջադրել», ԱԺ փոխխոսնակը պատասխանեց․ - «Նման հարց մենք չենք քննարկել, թող հրաժարականը տա, հետո կտեսնենք»:

Իսկ հարցին՝ եթե Փաշինյանը համաձայնի մայիսին արտահերթ ընտրությունների անցկացմանը, պատրա՞ստ են հուշագիր ստորագրել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, Շարմազանովը արձագանքեց․ - «Դե թող Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ համաձայն է դեկտեմբերից տեղափոխել մյուս տարի, մենք էլ արդեն այդ հուշագրի մասին կխոսենք»:

Ամբողջ խնդիրը, ըստ խորհրդարանի փոխխոսնակի, այն է, որ վարչապետը «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» և ասում է՝ միայն դեկտեմբերին:

Այսօր նույնպես, ըստ Շարմազանովի, Փաշինյանը գալու է Ազգային ժողով: «Կփորձենք հասկանալ՝ ինչ է լինելու հիմա և ինչ է հնարավոր լուծել», - ասաց խորհրդարանի փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովը նաև անթույլատրելի է համարում ժողովրդին Ազգային ժողով բերելը, ներս մտցնելը: «Չի կարելի Ազգային ժողովի վրա մարդ բերել, հանուն ինչի՞՝ որ Ազգային ժողովի գո՞ւյքը վնասեն, ծեծելո՞ւ էին, ի՞նչ էին անելու, 96-ին էլ էին մտել: Ինչի՞ բերեց ժողովրդին ներս», - ասաց ԱԺ փոխնախագահը:

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որոնց կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Փաշինյանի կոչով մարդկանց մեծ բազմություն հավաքվեց Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ, ապա վարչապետը խորհրդարանում հանդիպեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանրահավաքում ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն պաշտոններից, ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը:

Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո էլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG