Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարան


Նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակույթին և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել 4-րդ ից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները:

Նախագահն ընդգծել է, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը և յուրահատուկ մշակույթին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է նման ցուցադրությունները և վստահություն հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն:

Նախագահ Սարգսյանն ամիսներ առաջ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի (Folklife Festival) բացմանը, որի շրջանակում ևս ներկայացված են եղել հայկական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները:

Արմեն Սարգսյանը Նյու Յորք է մեկնել հոկտեմբերի 1-ին՝ մասնակցելու Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը կշնորհվի Արմեն Սարգսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG