Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյան․ Դատական իշխանությունն ինքն է ասում, որ անցումային արդարադատությունը անհրաժեշտություն է


Փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ մեկնաբանում է Վճռաբեկ դատարանի որոշումը՝ քննության առարկա չդարձնել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով տուժածների իրավահաջորդների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ․

«Ազատություն»․ - Ակնկալվում է, որ Վճռաբեկը շուտով որոշում կկայացնի դատախազության նույնաբովանդակ այդպիսի մի բողոքի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ նույնպիսի որոշում կայացվի, և մերժվի դատախազության բողոքը:

Վահե Գրիգորյան․ - Դատական այնպիսի կազմ, որի անդամ դատավորները ուղղակիորեն մասնակից են «Մարտի 1»-ի համատեքստի բոլոր այն գործերին, որոնցից երկուսով, օրինակ՝ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի Հանրապետության», միջազգային տրիբունալը միաձայն գտավ, որ փաստական հանգամանքները, իհարկե, չնշեց՝ միտումնավոր, բայց իմ կարծիքով՝ ակնհայտորեն միտումնավոր սխալ են գնահատված եղել, ես չէի ակնկալի արդարադատություն այդպիսի դատարանից: Սա ծանր բեռ է նաև հենց անձամբ այդ դատավորների համար: Մարդիկ չպիտի դրվեն այն վիճակում, որպեսզի իրենք իրենց նախկինում արտահայտած համոզմունքին հակառակ համոզմունք արտահայտելու խնդրի առջև կանգնեն:

«Ազատություն»․ - Եթե այդ մարդիկ են Վճռաբեկ դատարանի անդամները, ինչպե՞ս պետք է լինի ընդհանրապես:

Գրիգորյան․ - Փաստորեն մինչև էսօր գործադիր իշխանությունն էր բարձրաձայնում անցումային արդարադատություն իրականացնելու անհրաժեշտության մասին, հասարակության որոշ շրջանակներ էին այդ մասին բարձրաձայնում, հասարակական կազմակերպություններ էին բարձրաձայնում: Էս որոշմամբ Վճռաբեկ դատարանն ուղիղ ասաց, արդեն դատական իշխանությունն ինքն է ուղիղ ասում, որ անցումային արդարադատությունը Հայաստանում անհրաժեշտություն է՝ առնվազն որոշ գործերի կամ առնվազն որոշ խումբ խնդիրների կապակցությամբ: Որովհետև ավանդական արդարադատության համակարգը, որ գոյություն ունի, ի վիճակի չէ դրանց լիարժեք լուծումներ տալ, առհասարակ ի վիճակի չէ, ինչպես երևում է այս գործից:

Հիմա ես չեմ կարող կանխատեսել՝ ինչ կլինի Վճռաբեկ դատարանի որոշումը, բայց ինչպիսին էլ որ լինի՝ արդեն իսկ խնդրահարույց է, որ գործի վերաբերյալ որոշում կայացնելու են մարդիկ, որոնք ներգրավված են եղել «Մարտի 1»-ի գործերով և իրենք կայուն համոզմունք ունեն ձևավորված փաստակազմի վերաբերյալ: Այսինքն, մարդիկ դատապարտել են էդ ժամանակ քաղաքական բանտարկյալներին՝ զանգվածային անկարգություններին մասնակից լինելու, իշխանության ներկայացուցիչների, ոստիկանության ներկայացուցիչների օրինական պահանջները չկատարելու, և այլն, և այլն․․․

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց նախկին նախագահի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Գլխավոր դատախազությունը Քոչարյանին ազատ արձակելու որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 30-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG