Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հրապարակում է «Մարտի 1»-ի գործերով առաջին վճիռները․ խախտվել են Սաղաթելյանի, Գասպարիի իրավունքները


Մուշեղ Սաղաթելյանը դուրս է գալիս բանտից, Երևան, 24-ը նոյեմբերի, 2010թ․
Մուշեղ Սաղաթելյանը դուրս է գալիս բանտից, Երևան, 24-ը նոյեմբերի, 2010թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է հրապարակել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։

Այսօր հրապարակված վճռում նշվում է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։

Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Մուշեղ Սաղաթելյանի վճռից զատ, Եվրոպական դատարանը հրապարակել է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիի բողոքի վերաբերյալ վճիռը։ Ըստ այդմ, Ստրասբուրգի դատարանը գտել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի համար:

Գասպարին ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին, նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Այս տարի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց «Մարտի 1»-ի քրեական գործին նոր գործեր միացնելու մասին, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG