Մատչելիության հղումներ

Էրդողանը առավել քան հաջողված է համարում իր այցը Գերմանիա


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Բեռլինում, 28-ը սեպտեմբերի, 2018թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Բեռլինում, 28-ը սեպտեմբերի, 2018թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համոզված է` իր պետական այցը Գերմանիա առավել քան հաջողված էր: «Ես համոզված եմ, որ վերջին երկու օրերին կայացած հանդիպումները կնպաստեն հարատև թուրք-գերմանական բարեկամության ամրապնդմանը», - հայտարարում է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի այցի վերջին կանգառը Գերմանիայի արևմուտքում գտնվող Քյոլն քաղաքում էր, որտեղ տասնամյակներ ի վեր մեծաթիվ թուրքական համայնք կա: Քյոլնում Էրդողանը մասնակցեց Գերմանիայում կառուցված խոշորագույն մզկիթի բացմանը: Ուշագրավ է սակայն, որ դիմելով մզկիթի բակում հավաքված հազարավոր մարդկանց` Էրդողանը կրկին հայտարարում էր, թե Գերմանիայում բնակվող թուրքերի հանդեպ սխալ վերաբերմունք կա, որպես օրինակ մատնանշելով թուրքական ծագում ունեցող գերմանացի ֆուտբոլիստների շուրջ ամիսներ առաջ ծագած սկանդալը:

«Գերմանիայում մեծացած Մեսութ Օզիլին և Իլքայ Գյունդողանին այս հասարակությունը սկսեց մերժել այն պարզ պատճառով, որ նրանք Մեծ Բրիտանիայում համարձակվել էին լուսանկարվել ինձ հետ: Որպես նրանց նախագահ՝ ես չեմ կարող ընդունել այն փաստը, որ Գերմանիայի հավաքականում հանդես եկող այդ երկու երիտասարդները լուսանցք են մղվում», - հայտարարում էր Էրդողանը:

Ի դեպ, Քյոլնում Թուրքիայի նախագահին դիմավորեցին փողոցային ակցիաներով: Նորակառույց մզկիթի հարևանությամբ հավաքվել էին նրա հազարավոր կողմնակիցներ: Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ` Հռենոս գետի ափին, Էրդողանի այցի դեմ բողոքում էին ընդդիմադիրները` նախևառաջ Թուրքիայից Գերմանիա տեղափոխված քրդերը: Բողոքի ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների ֆոնին Էրդողանի պետական այցի կազմակերպումը կոպիտ քաղաքական սխալ էր:

Ինքը Ռեջեփ Էրդողանը, սակայն, համոզված է` Բեռլինի և Անկարայի հարաբերությունները շատ ավելի լավ կլինեին, եթե որոշ ուժեր ջանքեր չգործադրեին դրանք խաթարելու ուղղությամբ:

«Մենք թույլ չենք տա, որպեսզի Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներն ու Քրդական բանվորական կուսակցության համակիրները նեղացնեն մեր քաղաքացիներին, խաթարեն թուրք-գերմանական բարեկամությունը», - հայտարարում էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG