Մատչելիության հղումներ

Էրդողանը բարձր է գնահատում Գերմանիայի հավաքականը լքելու Օզիլի որոշումը


Ռեջեփ Էրդողան և Մեսութ Օզիլ, Լոնդոն, 13-ը մայիսի, 2018թ․
Ռեջեփ Էրդողան և Մեսութ Օզիլ, Լոնդոն, 13-ը մայիսի, 2018թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարձր է գնահատում ժամանակակից Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի` Մեսութ Օզիլի` Գերմանիայի ազգային հավաքականը լքելու որոշումը:

Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին Մեսութ Օզիլը հայտարարեց երկուշաբթի օրը` պնդելով, որ գերմանական հանրության մի մասն ու մամուլը իրեն քննադատում են իր թուրքական ծագման պատճառով: «Երբ ես լավ եմ խաղում, ինձ գերմանացի ֆուտբոլիստ են անվանում: Երբ վատ եմ խաղում, հանկարծ հիշում են, որ ես ներգաղթյալ եմ», - Twiiter-ում գրել էր Օզիլը:

Այս գրառումից հետո նրան առաջիններից մեկը զանգահարել էր Թուրքիայի նախագահը: «Անցած գիշեր ես զանգահարեցի Մեսութին: Նախ և առաջ պետք է ընդգծեմ, որ նրա մոտեցումները խորապես ազգային բնույթ ունեն: Դա անչափ գովելի է: Ես մեկ անգամ ևս իմ հարգանքն ու սերն եմ հայտնում Մեսութ Օզիլին: Կրոնական հայացքների պատճառով իրականացվող նման ռասիստական հարձակումները, այն էլ՝ մի երիտասարդի դեմ, որն ամեն ինչ իր կյանքում նվիրաբերել է Գերմանիային, ուղղակի անընդունելի են», - հայտարարում էր Էրդողանը:

Մեսութ Օզիլը գերմանական մամուլում կոշտ քննադատության արժանացավ աշխարհի առաջնության ընթացքում ոչ այնքան հաջող ելույթների, ինչպես նաև մայիսին Թուրքիայի նախագահի հետ ջերմ հանդիպման և լայնորեն տարածված համատեղ լուսանկարների համար:

Օզիլների ընտանիքի պատմական հայրենիքում սակայն` Զոնգուլդակ գավառի Դևրեք քաղաքում, այդ հանդիպման մեջ որևէ վատ բան չեն տեսնում: Ֆուտբոլիստի աղմկալի հայտարարությունից 24 ժամ անց արդեն տեղական իշխանությունները քաղաքի փողոցներից մեկը վերանվանեցին Մեսութ Օզիլի անունով` դրա սկզբնամասում տեղադրելով Էրդողանի հետ սկանդալային լուսանկարը:

Գերմանիայի թուրքական համայնքում, այդուհանդերձ, Օզլիլի շուրջ ծագած սկանդալը միանշանակ չի ընկալվում: Կանաչների կուսակցության ղեկավարներից մեկը` Ջեմ Օզդեմիրը գերմանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշում էր․ - «Ես կարծում եմ, որ Էրդողանի հետ լուսանկարվելը սխալ էր: Օզիլի բացատրությունները, թե ինքն այդ քայլին գնացել է զուտ հարգանքից դրդված, համոզիչ չեն: Նա խոսում է հարգանքի մասին, բայց արդյո՞ք հարկավոր չէ հարգանք ցուցաբերել նաև Էրդողանի քաղաքականության զոհերի հանդեպ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG