Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկեց Էրդողանի պաշտոնական այցը Գերմանիա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամլո ասուլիսը, Բեռլին, 28 սեպտեմբերի, 2018թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամլո ասուլիսը, Բեռլին, 28 սեպտեմբերի, 2018թ.

Երեկ Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի պաշտոնական մասն այսօր է սկսվել:

Էրդողանին նրա գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը զինվորական պատիվներով և երկու երկրների օրհներգերով դիմավորել է Բելվյու պալատում, որը 1994 թվականից ծառայում է որպես Գերմանիայի նախագահի նստավայր:

Երեկ Շտայնմայերը մամուլին ասել է, թե այս այցը պետք չէ դիտել որպես երկու պետությունների հարաբերությունների կարգավորման նշան, բայց այն կարող է դառնալ կարգավորման մեկնարկը:

Բելվյու պալատում տեղի ունեցած ընդունելությունից բացի, Էրդողանին այսօր Գերմանիայի կառավարության համալիրում ընդունել է կանցլեր Անգելա Մերկելը, ով նախօրեին ասել է, որ Բեռլինը ցանկանում է ամրապնդել տնտեսական կապերն Անկարայի հետ:

Կանցլերը միաժամանակ ընդգծել է, որ Էրդողանի հետ զրույցում կարծարծի մարդու իրավունքների և կալանավորների խնդիրը:

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են, երբ Թուրքիայում 2016 թվականի ձախողված հեղաշրջման կապակցությամբ ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ընդ որում՝ ոչ միայն զինվորականներ, այլև հասարակական գործիչներ, ուսուցիչներ, լրագրողներ, այդ թվում Գերմանիայի մի քանի քաղաքացի:

Անկարան պնդում է, որ հեղաշրջման գաղափարախոսն Ամերիկայում ապրող մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենն է: Թուրքերն ամերիկացիներից պահանջում են նրա արտահանձնումը, ինչը Վաշինգտոնը մերժում է՝ իր հերթին, պահանջելով, որ Թուրքիան ազատ արձակի ամերիկացի հոգևոր սպասավոր Էնդրյու Բրանսոնին:

ԱՄՆ-ը և Թուրքիան միմյանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել, ինչի հետևանքով թուրքական լիրան արժեզրկվել է, և դա է՛լ ավելի է խորացրել տնտեսական ճգնաժամը:

Մինչդեռ, Անկարան պնդում է, որ հարյուրավոր «գյուլենականներ» ապաստանել են Գերմանիայում, և պահանջում է նաև նրանց արտահանձնումը:

Կանցլերը և նախագահը հանդիպումից հետո գումարել են մամլո ասուլիս, որի ընթացքում Էրդողանը կրկնել է «գուլենականներին» արտահանձննելու պահանջը:

Մերկելն արձագանքել է, թե Գերմանիայում ամենայն ուշադրությամբ վերլուծում են «գյուլենականների» մասին Թուրքիայի պնդումները, սակայն ցանկանում են Անկարայից ստանալ առավել հիմնավորված տեղեկություններ:

«Մեր հարաբերություններում վերջին տարիներին ի հայտ են եկել լուրջ տարաձայնություններ և դրանք պահպանվում են: Խնդիրները կապված են Թուրքիայում մարդու իրավունքների և մամուլի ազատության հետ»,- ասել է Անգելա Մերկելը՝ հավելելով, որ կան նաև համագործակցության եզրեր, մասնավրապես, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ասպարեզում:

Կանցլերը և նախագահը հայտնել են, որ հոկտեմբերին տեղի կունենա նրանց և Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպում, որի օրակարգում Իդլիբի խնդիրն է:

Թուրք վերլուծաբան Յաշար Յաքըշի փոխանցմամբ, աշխարհը չի կարող անտեսել Թուրքիայի կշիռը և կարողությունները տարածաշրջանում:

«Հիմա սկսում են գիտակցել, որ Թուրքիան կարող է հատուկ դեր կատարել Մերձավոր Արևելքում և հատկապես Իդլիբի հարցում: Գերմանիան և Թուրքիան մեկմեկու կարիքն ունեն», - ասել է վերլուծաբանը Էրդողանի բեռլինյան այցի կապակցությամբ:

Էրդողանն ասել է, որ վաղը նախատեսված Մերկելի հետ շարունակվող բանակցություններում հիմնական թեման կլինի տնտեսական համագործակցույունը:

Այցի նախօրեին Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակած հոդվածում Էրդողանը նշել է, թե ցանկանում է Գերմանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների նոր էջ բացել:

«Մեր պարտավորությունն է շարժվել առաջ և անտեսել անտրամաբանական մտավախությունները»,- Frankfurter Allgemeine Zeitung-ում գրել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանի այցի օրերին Բեռլինում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնք կազմակերպել են իրավապաշտպան կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG