Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցում են, Դուշանբե, 28-ը սեպտեմբերի, 2018թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո կոչ են անում կողմերին զերծ մնալ իրավիճակի սրացմանը տանող քայլերից և հատուկ ընդգծում՝ խնդրի կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից:

Ամփոփելով անցած երկու օրերի ընթացքում արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայացած առանձին և համատեղ հանդիպումները՝ միջնորդները հայտարարություն են տարածել, որտեղ խորը մտահոգություն են հայտնում մահվան շարունակվող դեպքերի կապակցությամբ և կոչ անում կողմերին խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից:

Հայտարարությունից մեկ օր առաջ Ղարաբաղի բանակը հաղորդել էր ադրբեջանական կողմի կրակից զոհված 19-ամյա զինծառայողի մասին և պնդել, թե Բաքուն ամբողջովին ետ չի քաշել օրերս անկացված զորավարժությունների ընթացքում սահմանին մոտեցրած զինուժն ու տեխնիկան:

Անցած օրերին ադրբեջանական բանակը Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում լայնամասշտաբ զորավարժություններ էր անցկացրել՝ շուրջ 20 հազար զինծառայողների, տանկերի, հրթիռահրետանային կայանքների ու մարտական ավիացիայի կիրառմամբ, որոնց մոտ մեկ երրորդը, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, շարունակում է մնալ առաջնագծում:

Բացի այդ, վերջին օրերին Բաքվից սպառնալիքներ էին հնչել Ղարաբաղում անցկացված զորավարժությունների վերաբերյալ: Շաբաթասկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարություն էր տարածել և պնդել, թե պատրաստ է ոչնչացնել հայկական օդուժը, եթե այն փորձի մոտենալ ադրբեջանական բանակի դիրքերին:

Առանց հասցեատերեր ու մանրամասներ նշելու՝ Մինսկի խմբի համանախագահները միաժամանակ տեղեկացնում են՝ արտգործնախարարների հետ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նախարարներից խնդրել են պարզաբանել «վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել»:

Թե ինչպես են կողմերը արձագանքել՝ միջնորդները չեն մանրամասնում, սակայն, հարկ են համարում ընդգծել՝ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: «Այդ համատեքստում նախարարները հաստատեցին բանակցային գործընթացը ակտիվացնելու և լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը», - հայտարարում են Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները՝ տեղեկացնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել:

Դա կլինի Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի երրորդ դեմ առ դեմ հանդիպումը՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մինչդեռ երկրի առաջնորդներ՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան:

Նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, թե դրա համար անհրաժեշտ են նախադրյալներ: «Հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, այն պետք է բովանդակություն ունենա, պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակների դառը փորձ՝ ինչպես ենք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ է կանգնում», - ասել էր արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած իր ելույթում ընդգծել էր՝ Ադրբեջանը պետք է իրագործի նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Այս պահի դրությամբ թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ Երևանը փաստում են, որ առաջնորդների դեմ առ դեմ հանդիպման համաձայնություն չկա: Մինչ այդ, հաղորդվում է, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել նաև վարչապետ Փաշինյանը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել Երևան վերադառնալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG