Մատչելիության հղումներ

«ԼՂ ՊԲ 19-ամյա զինծառայողը սպանվել է հակառակորդի գնդակից». Դավիթ Բաբայան


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում 19-ամյա Աղասի Մկրտչյանը սպանվել է հակառակորդի գնդակից:

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

«Պարզվում են հանգամանքները, բայց բնական է, որ զոհը տեղի ունեցավ հայրենիքը պաշտպանելիս։ Դեռևս վերջնական պետք է գնահատականը տրվի, բայց այդպես էլ կա՝ հակառակորդի գնդակից է զոհվել։ Սա նոր բան չէ, սա Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության շարունակությունն է։ Իհարկե առաջին հերթին ողբում ենք, և սա անդառնալի կորուստ է, ինչպես ցանկացած երիտասարդ, մատաղ կյանքի կորուստ», - ասաց Բաբայանը։

Ղարաբաղից տեղեկացնում են, որ սահմանում իրավիճակը կայուն է, թեև նկատելի են հակառակորդի կուտակումներ։

Անցյալ շաբաթ Ադրբեջանը Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում լայնամաշտաբ զորավարծություններ անցկացրեց՝ շուրջ 20 հազար զինծառայողների, տանկերի, հրթիռահրետանային կայանքների ու մարտական ավիացիայի կիրառմամբ։

Ըստ Դավիթ Բաբայանի, զորավարժություններն արդեն 5 օր է ավարտվել են, բայց Ադրբեջանը տեխնիկայի մոտ մեկ-երրորդը պահել է առաջնագծում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ընդհանուր առմամբ իրավիճակը սահմանին կայուն է, և լայնամասշտաբ ապակայունացման փորձեր տեղի չեն ունենում։

Ի դեպ, Բաբայանը նաև տեղեկացրեց, որ թեև Ադրբեջանում ավարտվել են զորավարժությունները, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է սահմանին պահել կուտակած զորքի և զինտեխնիկայի մոտ 30 տոկոսը:

«Դա Ադրբեջանի ոճն է, նա զորավարժություններ իրականացնելիս քողարկված ձևով բերում է ինչ-որ ստորաբաժանումներ, որոնք մասնակցում են զորավարժություններին, այնուհետև միաժամանակ պահում են նրանց սահմանամերձ շրջաններում։ Մոտավոր հաշվարկներով մոտ 30 տոկոսը մնացել է սահմանին, տարբեր ստորաբաժանումներ մնում են՝ և՛ հետևակ, և՛ տեխնիկա։ Ամենաերկարատևը՝ այդ ստորաբաժանումները պահպանվեցին սույն թվականի ապրիլից մինչև ամառվա վերջ։ Հետո սկսեցին հետ քաշել, ճիշտ է՝ ոչ լրիվ ծավալով, բայց մեծ մասը հետ են քաշել», - ասաց Բաբայանը։

Հատկանշական է, որ զոհի ու կուտակումների մասին տեղեկությունները ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը գրեթե միաժամանակ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ երեկ Նյու Յորքում Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը բանակցել են շուրջ երեք ժամ։

Տարածած հաղորդագրության մեջ երկու կողմերն էլ շեշտում են, տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG