Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Այս առումով, Զոհրաբ Մնացականյանը եռանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ: Թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունը: Նախարարը շեշտել է, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպման նախօրեին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտգործնախարարների հանդիպման, այնպես էլ համանախագահների օրացույցում ներառված առաջիկա այլ քայլերի շուրջ։

Նյու Յորքում այսօր նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG