Մատչելիության հղումներ

Սկրիպալների թունավորման գործով արդեն երրորդ կասկածյալ կա


Ռուսաստան - Որպես Ալեքսանդր Պետրով և Ռուսան Բոշիրով ներկայացող անձինք հարցազրույց են տալիս RT-ին, Մոսկվա, 13-ը սեպտեմբերի, 2018թ․

Բրիտանական հատուկ ծառայությունները պարզել են Սկրիպալների թունավորման համար կասկածվող երրորդ անձի ինքնությունը:

The Telegraph պարբերականի տվյալներով՝ խոսքը ռուսական ռազմական հետախուզության սպայի մասին է, ով Սոլսբերի է մեկնել նախքան ենթադրյալ գործընկերների Մեծ Բրիտանիա ժամանելը: Աղբյուրը, սակայն, երրորդ կասկածյալի անունը չի նշում: Թերթը գրում է, որ նա, ըստ ամենայնի, օգնել է կազմակերպել հարձակումը:

Այս տարվա մարտին Սոլսբերի քաղաքում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ բրիտանական ոստիկանությունը կասկածում է Ռուսլան Բոշիրով և Ալեքսանդր Պետրով անուններով անձանց: Նման անուններով ներկայացած անձինք ռուսաստանյան RT պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել են, թե որևէ առնչություն չունեն միջադեպի, ինչպես նաև հետախուզական ծառայությունների հետ:

Բրիտանական Bellingcat և ռուսական The Insider կայքերը պնդում են, որ կարողացել են պարզել «Ռուսլան Բոշիրովի» ինքնությունը․ ըստ այդմ՝ Բոշիրովի իրական անունը Անատոլի Չեպիգա է, նա Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գնդապետ է:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG