Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող հարցեր


Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկել են ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի, Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրախմանովի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի, Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG