Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանովը կոչ է արել ընտրողներին բոյկոտել երկրի անվան փոփոխության վերաբերյալ առաջիկա հանրաքվեն, ասելով, թե իրենց պետությանը խնդրել են «պատմական ինքնասպանություն» գործել:
«Հանրաքվեին քվեարկությունը իրավունք է, այլ ոչ թե պարտավորություն», - ասել է Իվանովը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շաբաթներին պարբերաբար այցելում են Մակեդոնիա և կոչ են անում հանրաքվեին դրական պատասխանով լուծել1991 թվականից շարունակվող վեճը հարևան Հունաստանի հետ, ինչը Մակեդոնիային կընձեռի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն:
Անվան շուրջ վեճը Սկոպյեի և Աթենքի միջև սկսվեց 1991 թվականից, երբ Մակեդոնիան խաղաղ ճանապարհով անջատվեց Հարավսլավիայից՝ անկախություն հռչակելով «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան ներքո:
Հունաստանը դեմ է «Մակեդոնիա» անվանմանը և այն դիտարկում է որպես տարածքային ոտնձգություն, քանի որ ունի նույնանուն շրջան:
Եթե հանրաքվեն կայանա և դրական արդյունք գրանցի, երկիրը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»: