Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը կհրավիրվի Քննիչ հանձնաժողով. Գևորգ Կոստանյան


ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվեց Կոստանյանից, թե արդյո՞ք հանձնաժողով են հրավիրվելու նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն անձինք, ում անունները շոշափվել են հեռախոսազրույցում։

«Տրամաբանական է, որ այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում միանշանակ հրավիրվելու են հանձնաժողովի նիստին», - պատասխանեց Քննիչ հանձնաժողովի նախագահը։

Հիշեցնենք՝ շուրջ երկու շաբաթ առաջ համացանցում հրապարակված ձայնագրության մեջ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ խոսում էր այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել իրեն և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է պետք կայացնել։

Նշենք, որ խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովը, որը նպատակ ունի ընդհանրապես քննարկման առարկա դարձնել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի հետ կապված հարցերը, օրենքով իրավասու է հանձնաժողով հրավիրվել պետական տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև ստանալ պետական ու նաև նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք, բնականաբար, հրապարակման ենթակա չեն լինելու։

Ի դեպ, ինչպես նշեց Քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն, իրենք նաև հարցումներ են ուղարկելու իրավասու մարմիններին՝ պարզելու համար, թե, օրինակ, անկախությունից ի վեր ի՞նչ գաղտնալսող սարքեր են ներկրվել Հայաստան, ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի եղանակով:

Ըստ Կոստանյանի, հանձնաժողովը ներկայումս կազմել է անհրաժեշտ հարցումների ցուցակն ու բովանդակությունը, այդ հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա էլ կկազմվի հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակը, քանի որ տարբեր փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կարող է անհրաժեշտություն առաջանալ նոր անձանց հրավիրել Քննիչ հանձնաժողով:

Ի դեպ, այսօր տեղի ունեցած նիստում Կոստանյանը շեշտեց՝ պաշտոնյաներն իրավունք չունեն մերժելու հանձնաժողովի հրավերը, հանձնաժողով գալը ոչ թե նրանց իրավունքն է, այլ՝ պարտականությունը:

«Պաշտոնատար անձ հանդիսացող ցանկացած անձ պարտավոր է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով ներկայանալ հանձնաժողովի նիստերին, չներկայանալու դեպքում մեխանիկորեն դա կդիտվի որպես կա՛մ պաշտոնական դիրքի չարաշահման, կա՛մ պաշտոնական անգործության դրսևորում և համապատասխանաբար իրավական ընթացքը մենք կապահովենք։ Iնչ վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող անձանց՝ քաղաքացիներին, ապա այս դեպքում մենք առաջարկելու ենք, որ իրենք ներկայանան, իրենք իրավունք ունեն չներկայանալու», - ասաց Կոստանյանը։

Նշենք, որ այսօր Քննիչ հանձնաժողովը տևական ժամանակ չէր կարողանում որոշել, ո՞վ է ի վերջո խորհրդարանում ընդդիմություն, որպեսզի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրեն ընդդիմության թեկնածուին։

Հանրապետականի, «Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅ Դաշնակցության պատգամավորները ընդունեցին, որ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել և այդ հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ:

Թեև այդպես էլ պարզ չդարձավ, թե ով է խորհրդարանում ընդդիմությունն, այնուամենայնիվ քննարկումների արդյունքում, ի վերջո, որոշվեց Քննիչ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, Գևորգ Կոստանյանի այս առաջարկը միաձայն ընդունվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG