Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը կհրավիրվի Քննիչ հանձնաժողով. Գևորգ Կոստանյան


ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվեց Կոստանյանից, թե արդյո՞ք հանձնաժողով են հրավիրվելու նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն անձինք, ում անունները շոշափվել են հեռախոսազրույցում։

«Միանշանակ է, որ այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին», - պատասխանեց Քննիչ հանձնաժողովի նախագահը։

Կոստանյանը նշեց, որ Քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում կազմել են հարցումների ցուցակը և բովանդակությունը։

«Հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության արդյունքում մենք արդեն կազմելու ենք հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակը և, բնականաբար, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում, լրացուցիչ առաջանալու են այլ անձանց՝ պաշտոնատար բազմաթիվ անձանց հրավիրելու անհրաժեշտություն, խոսքը վերաբերում է հատկապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման և այդ ապահովման համար պատասխանատու սուբյեկտների ներգրավմանը, որովհետև մեզ համար առաջնահերթ է և՛ սահմանադրական, և՛ ազգային անվտանգությունը, որպեսզի մենք վստահ լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ», - ասաց Կոստանյանը՝ շարունակելով. - «Մենք ընդունելի համարեցինք նաև այն հանգամանքը, որ մենք քննարկման առարկա դարձնելու ենք անգամ մինչև այս ապօրինի գաղտնալսումը, նաև նախկինում տեղի ունեցած ապօրինի բոլոր գաղտնալսումների հանգամանքը՝ նկատի ունենալով, որ մենք պետք է հասկանանք՝ ինչքանո՞վ է մեր պետական ապարատը, ինչքանո՞վ է օրենսդրական բազան հիմնավոր և բավարար, որպեսզի ունակ լինի ապահովել մարդու սահմանադրական իրավունքի իրացումն այս հարցում առնվազն»։

Նշենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ համացանցում հրապարակված ձայնագրության մեջ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ, մասնավորապես, խոսում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել իրեն և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է պետք կայացնել։

ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ քրգործ է հարուցվել՝ «Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը» և «Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով» հատկանիշներով: Մեկ օր անց հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով նոր քրգործ հարուցվեց՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս գալու հատկանիշով։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը Հանրապետական կուսակցությանն էր։ «Ելք» խմբակցության պատգամավորները պնդում էին, որ նման հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում:

«Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, որովհետև կա մամուլի հաղորդագրություն, որ քրեական գործեր են հարուցված՝ և՛ գաղտնալսման, և՛ հնարավոր նախաքննությանը, քրեական գործի վարույթին միջամտության․․․ Դրա համար Ազգային ժողովը չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով», - ասել էր Էդմոն Մարուքյանը:

Նախկին գլխավոր դատախազ, այժմ պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ ասել էր, թե «գլոբալ» հարցեր են պատրաստվում քննարկել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG