Մատչելիության հղումներ

Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսված հեռախոսազրույցն իրականում իր և Խաչատրյանի մասնակցությամբ է


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, և շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը։ Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրության աղբյուրը և թե ով է ձայնագրել։ Եթե չեմ սխալվում դատախազությունում արդեն հարուցված է քրեական գործ», - ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը նշեց՝ խոսակցությունը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հայտնի վճիռը կայացնելու օրը։

«Ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում և թերություն չկա։ Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է, և եղել է զուտ իրավաբանական քննարկում», - ասաց Վանեցյանը՝ շարունակելով. - «Այն պայքարը, որ մենք սկսել ենք, դա շարունակելու ենք, և մեզ չի խանգարելու ոչ մի բան, որևէ խոչընդոտ չի կարող խանգարել սկսած գործում»։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ երկու կառույց կա, ՀՔԾ և ԱԱԾ, որոնք վերջին շրջանում ստանձնել են անօրինականությունը արմատախիլ անելու դերը: Հասարակությունը դրական է ընդունել իրենց աշխատանքը:

«3.5-4 ամսվա ընթացքում այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմիննեըը չեն իրականացրել», - ասաց Վանեցյանը:

«Մարտի 1»-ին բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ. ՀՔԾ պետ

Բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ին, բանակը կրակել է, հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին։ Երկրորդ՝ ես ցանկանում եմ բացահայտում անել, որը չէի ցանկանում անել, ճիշտ ասած, բայց այսօր առիթ է և պետք է հասարակությունն իմանա՝ այս գաղտնի հրամանից հետո, երբ որ որոշվել է, որ Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմաններում շաբաթներով կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ և արդյունքում, գիտեք, եղել է նաև դիվերսիա», - ասաց Խաչատրյանը։

Նրա գնահատմամբ, ամենախայտառակ բանը, որ արել են այդ օրերին բանակի հետ, դա զինվորներին վարձկաններ սարքելն է։

«Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8 ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները», - ասաց ԱԱԾ պետը՝ ցուցադրելով մի մատյան, որն, ըստ նրա, առգրավվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից։

«Այստեղ հատ-հատ նշված են այն զինծառայողները և գումարների չափերը։ Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հաշիվներից։ Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք հետագայում, այս պահին ես չգիտեմ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպե՞ս են նրանք այս բանակի զինվորներին դարձրել վարձկաններ», - ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե անուններ կհրապարակե՞ն, Խաչատրյանը պատասխանեց. - «Անունները կնշեմ հետագայում։ Նշենք, որ փախնե՞ն»։

Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետ

Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին այսօր նաև հայտարարեց Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ պետն ասաց, որ այս հայտարարությունն անում են ունենալով հստակ ապացույցներ։

«Տիգրան Սբգարյանի՝ ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, և այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել։ Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակը, որը հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է։ Կարծում եմ, որ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ՝ իմ և պարոն Վանեցյանի դեմ, իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները», - ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե շատ է խոսվում այդ օրերին օլիգարխների թիկնազորներին բաճկոններ բաժանելու մասին, ՀՔԾ պետն այսպես արձագանքեց. - «Քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է, որ Պաշտպանության նախարարության պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին։ Ո՞ւմ են բաժանվել և ինչի՞ համար են բաժանվել, դա արդեն այս պահին չեմ ասի։ Ինչի՞ համար են բաժանվել, դուք գիտեք՝ որպեսզի զինծառայողներից չտարբերվեն և ինչ-որ պրովոկացիաներ անեն, իսկ ո՞ւմ են բաժանվել, դա էլ քննության ավարտին բոլորդ կտեղեկանաք»։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

«Ես կառչած չեմ պաշտոնից»

ԱԱԾ տնօրենը հայտարարեց՝ կառչած չէ իր պաշտոնից, և երբ հասարակությունը հրաժարականի պահանջ ներկայացնի, ինքը հրաժարական կտա։

«Ես կառչած չեմ պաշտոնից, բայց կարծում եմ, որ շատ գործեր ունեմ անելու, որ վայրկյանին հասարակությունը հրաժարականի պահանջ ներկայացնի, հրաժարական կտամ», - ասաց Վանեցյանը։

Նույն պատասխանը տվեց նաև Սասուն Խաչատրյանը՝ հանրային պահանջի դեպքում հրաժարական կտա:

Այսօր համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը:

Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:

«Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ՝ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակ է եկել Հայաստանի Հանրապետությունում և նրանք ուզում են այդ պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով», - նշեց վարչապետը ու խոստացավ՝ «մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, թալանվածը պետք է վերադարձվի»:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG