Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր. ՀՀ ԱԳՆ խոսնակ


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Ըստ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի, այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր։

«Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել», - ասաց Բալայանն՝ առանց անուններ նշելու։ Նա ընդգծեց, որ այդ տեղեկությունը պաշտպանված է նաև անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ։

«Ես չեմ կարող անուններ հրապարակել։ Այս պահի դրությամբ մոտ 100-ից ավել դիվանագիտական անձնագիր վերադարձվել է, մոտ 254-ը՝ չեղարկվել», - ասաց ԱԳՆ խոսնակը։

Հեղափոխությունից հետո Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն «Ազատության»-ն ասել էր, որ «աջ ու ձախ բաժանված դիվանագիտական անձնագրերի հարցը լուծվելու է շատ մոտ ժամանակներում, բոլոր այն մարդիկ, ովքեր տրամաբանորեն չպետք է ունենան դիվանագիտական անձնագրեր, այդ դիվանագիտական անձնագրերը չեն ունենա»։

Նշենք, որ դեռ 2017-ին Չեխիայում ձերբակալվել էին քրեական հեղինակություններ, նրանց մեջ էր նաև «Ռոբսոն» մականունով գործարար Ռուբեն Թաթուլյանը, նրա փաստաթղթերը ստուգել էին, խախտումներ չէին հայտնաբերվել, նրան ազատ էին արձակել։ Չեխիայի ոստիկանությունը նշել էր, որ նա նաև դիվանագիտական անձնագիր ունի, Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել էր։ ՀՀ ԱԳՆ-ը, սակայն, այն ժամանակ չհստակեցրեց, թե որ գործառույթի համար և ինչ նպատակով է Թաթուլյանը ստացել անձնագիրը։

Նշենք նաև, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածում ասվում է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն «այլ անձինք»՝ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG