Մատչելիության հղումներ

Քրեական կապերի մեջ կասկածվող հայ գործարարին դիվանագիտական անձնագիր է տրվել «օրենքով սահմանված կարգով»


Սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանին, ում անունը լրատվամիջոցները կապում են քրեական աշխարհի հետ, Հայաստանի դիվանագիտական անձնագիր տրամադրվել է օրենքով սահմանված կարգով՝ «Ազատության» հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։

Բալայանը, սակայն, չհստակեցրեց թե որ գործառույթի համար և ինչ նպատակով է Թաթուլյանը ստացել անձնագիրը։ Արտաքին գերատեսչության մամուլի պատասխանատուն միայն հղում արեց օրենքին։

Նշենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում ասվում է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն «այլ անձինք»՝ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:

«Ազատությունն» այս մասին գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանին՝ ճշտելու համար, թե երբ և ինչ նպատակով է Թաթուլյանին հատկացվել դիվանագիտական անձնագիրը:

Հիշեցնենք՝ երեկ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Չեխիայում ձերբակալված Թաթուլյանի մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր: Ռուսական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Չեխիայում պետք է կայանար «գողական սխոդկա» և օրենքով գողերի թագադրություն, որը ՉՀ ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են:

Ռուբեն Թաթուլյանը նաև «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է և մեկն է այն 30 գործարարներից, ովքեր հունվարի 25-ին աջակցություն էին հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործում: «Ազատությունն» այսօր Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանից հետաքրքրվեց՝ արդյոք մտահոգություն չկա, որ այս լուրը կարող է ազդել Հայաստանի վարկանիշի վրա։

«Ինձ չի թվում, որ դրանք կապված բաներ են։ Նա ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է և ծրագրերը, իմ կարծիքով, նորմալ շարունակվելու են», - նշեց Ազիզյանը:

«Ազատությունը» հետաքրքրվեց արդյոք Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն հայտնած մյուս 29 գործարարների կենսագրությունը ուսումնասիրել են, նրանք էլ կապեր ունե՞ն քրեական աշխարհի հետ, Ազիզյանը պատասխանեց, որ չեն ուսումնասիրել, սակայն նա վստահեցրեց, որ համապատասխան մեխանիզմներով ստուգվում են այն աղբյուրները, որոնցից ստացվել են գումարները և որ Հայաստան մուտք են գործում միայն մաքուր գումարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG