Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի «օրենքով գողերի», այդ թվում՝ հայազգի Ռուբեն Թաթուլյանի դեմ


Ռուբեն Թաթուլյան

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Ցուցակում ներառվել է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և Հայաստանի վարչապետին տարեսկզբին աջակցություն հայտնած գործարարներից է, ովքեր հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:

ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում «Շաքրո Մոլոդոյ» անունով հայտնի Զախարի Կալաշովի, Յուրի Պիչուգինի («Պիչուգա»), Ռուբեն Թաթուլյանի («Ռոբսոն»), Ալիմջան Տոխտախունովի (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինի (Տյուրա կամ Կինոմեխանիկ), Վասիլի Խրիստոֆորովի (Վասյա Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևի (Կոլյա Կիրգիզ), Լաշա Շուշանաշվիլիի (Լաշա Տոլստիյ), Վլադիսլավ Լեոնտևի (Վադիկ Բելիյ), ինչպես նաև Ուզբեկստանի քաղաքացի Գաֆուր Ռախիմովի (Գաֆուր Սեդոյի) նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև սոչիաբնակ Ռուբեն Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոց և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։

«Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում։ 2010-ին նա նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ։ Բացի այդ նա մի քանի անգամ օգնել է օրենքի հետ խնդիրներ ունեցող «օրենքով գողի»»,- նշվում է OFAC-ի հաղորդագրությունում։

Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձագիր ունի։ Այս տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը նրան տրվել է «օրենքով սահմանված կարգով»։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում ասվում է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն «այլ անձինք»՝ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված այս նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։

«Օրենքով գողեր» կազմակերպությունը եվրասիական քրեական սինդիկատ է, որը ներգրավված է բազմաթիվ ապօրինի գործողությունների մեջ ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է OFAC-ի տնօրեն Ջոն Սմիթը.- «Օրենքով գողերին պատժամիջոցների ցուցակում ներառելը ընդհանուր մարտավարության մի մասն է, որի նպատակն է ԱՄՆ-ին վտանգ սպառնացող անդրազգային հանցավոր կազմակերպությունների ֆինանսական ենթակառուցվածքների ոչնչացումը»։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտարարում է, որ ԱՄՆ իրավապահ մարմինները ռուսաստանյան «գողական» հանրության դեմ պայքար են մղում արդեն 25 տարի։

Անդրազգային հանցավոր կազմակերպությունների դեմ սահմանված պատժամիջոցները նշանակում են, որ ԱՄՆ տարածքում հայտնաբերված՝ այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը կսառեցվեն։ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ գործարար կապեր հաստատել։

Հաղորդագրությունում նաև բացատրվում է, որ «օրենքով գողերը» առաջացել են ստալինյան բանտերում։ Դրանց անդամները «թագադրվել» են՝ «անթերի» քրեական կենսագրության համար։ «Օրենքով գողերը» վերածվել են հսկայական քրեական կազմակերպության և իրենց գործունեությունը ծավալում են նախկին Խորհրդային Միության, Եվրոպայի և ԱՄՆ-ի տարածքում։ Նրանք ներգրավված են փողերի լվացման, շորթման, կաշառակերության և կողոպուտի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG