Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ի վճռից հետո «Մարտի 1»-ի գործը ենթակա է քննության զրոյից․ Վահե Գրիգորյան


Փաստաբան Վահե Գրիգորյանն «Ազատության» տաղավարում, 21-ը սեպտեմբերի, 2018 թ․
Փաստաբան Վահե Գրիգորյանն «Ազատության» տաղավարում, 21-ը սեպտեմբերի, 2018 թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Մարտի 1»-ի գործով նախօրեին հրապարակած վճռների շուրջ «Ազատությունը» զրուցել է փաստաբան Վահե Գրիգորյանի հետ:

Վահե Գրիգորյան- Սա շրջադարձային դատական ակտ է, այլ խոսքով՝ Եվրոպական դատարանի վճիռը, իրավաքաղաքական իմաստով, նշանակում է, որ Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները 10 տարի շարունակ ստել են թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին՝ մարտիմեկյան դեպքերի հենց մեկնարկային պահի վերաբերյալ: Փաստորեն սա դատարանի վերջակետն է այս պատմության: Սա նշանակում է, որ «Մարտի 1»-ի գործն իսկապես զրոյից քննության է ենթակա, և սա նշանակում է, որ «Մարտի 1»-ի գործով բոլոր այն դատավորները, որոնք ներգրավված են եղել, մարդկանց դատապարտել են ազատազրկման այս կամ այն հոդվածով, ներկայումս լրջագույն պարզաբանումներ տալու անհրաժեշտության առջև են կանգնած:

«Ազատություն»- Եթե որակում տանք, կարո՞ղ ենք ասել, որ սա ապտակ էր Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր պետական մարմիններին՝ սկսած Ոստիկանությունից, Հատուկ քննչական ծառայությունից, նաև դատարանից:

Վահե Գրիգորյան- Պատկերավոր այդպես էլ կարելի է ասել: Ես սա կձևակերպեի այսպես՝ սա Եվրոպական դատարանի կողմից տրված գնահատականն է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կողմից 10 տարվա ընթացքում հրամցված՝ «Մարտի 1»-ի վարկածին, այդ վարկածի արժանահավատությանը: Դատարանը ծայրից ծայր խոտանել է այդ վարկածը: Այս երկու վճիռները վերաբերում են մարտի 1-ի վաղ առավոտյան տեղի ունեցած դեպքերին, դեռ հետևելու են օրվա երկրորդ կեսի և ուշ գիշերվա իրադարձությունները:

«Ազատություն»- Անդրադառնալով կոնկրետ Մուշեղ Սաղաթելյանի գործին՝ մի մեջբերում անեմ․ «2008-ի մարտի 1-ին, ձերբակալման պահից մինչև ոստիկանության բաժին տեղափոխելը, Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների, և այս հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր իրավապահները, նաև դատարանները: Խոշտանգումների փաստով էլ արդյունավետ քննություն չի կատարվել։ Քննության ողջ նպատակն իրականում ոչ թե խոշտանգողներին պատասխանատվության ենթարկելն է եղել, այլ դիմողի դեմ ապացույցներ հավաքելը: Մուշեղ Սաղաթելյանի անազատությունը, սկսած ձերբակալման պահից, եղել է կատարելապես ապօրինի, կամայական և չի ունեցել որևէ օրինական հիմք»: Այսինքն՝ դատարանը փաստում է, որ բոլոր պետական մարմինների բոլոր գործողությունները եղել են ապօրինի:

Վահե Գրիգորյան- Միանշանակ է, որ այդ բոլոր խախտումները դիտավորությամբ են կատարվել, այդ խախտումների կատարման դիտավորությունը պայմանավորված է եղել ի սկզբանե դատավճռի եզրափակիչ մասի թելադրանքը ստանալով, դատավորների կողմից հանձնառություն ստանալով, այդպիսի դատավճիռների համար պատճառաբանություններ հորինելով և գոյություն ունեցող պատճառաբանությունները չվնասելով:

«Ազատություն»- Դուք ասացիք, որ վստահ եք, որ դատավորները միտումնավոր ապօրինի վճիռներ, որոշումներ են կայացրել: Բայց, բնականաբար, նրանք, այսպես ասենք, սադիզմով չէին տառապում, որպեսզի նման որոշումներ կայացնեն: Այսինք՝ եղել է որոշակի հրահանգ բարձր ղեկավարության կողմից, որպեսզի նման որոշումներ կայացվեն, և «Մարտի 1»-ի գործով խաղաղ ցուցարարները ներկայացվեն որպես զանգվածային անկարգության մասնակիցներ, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած անձինք: Այս համատեքստում ինչպե՞ս եք մտադիր բարձրացնել պատասխանատվության հարցը, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն բոլոր այդ դատավորները, Հատուկ քննչական ծառայությունը, «Մարտի 1-ի» գործով քննչական խումբը, նաև այն անձինք, բարձր ղեկավարները, որոնք հրահանգել են դատավորներին՝ միտումնավոր ապօրինի որոշումներ կայացնել:

Վահե Գրիգորյան- Ես չեմ խոսել քննիչների և դատախազների մասին: Ո՞րն է դրա պատաճառը: Ես չեմ համարում, որ նրանք անմասն են այդ ողջ «խրախճանքից», բայց միայն դատավորներն են, որոնք այդ վեճի կողմ չեն եղել, միայն դատավորներն են, որ ունեցել են պաշտպանվածության ամենաբարձր աստիճանը և ունեցել են լիազորությունների ողջ գործիքակազմը՝ կանխելու համար որևէ մեկի կամայական միջամտությունը արդարադատությանը կամ որևէ մեկի քաղաքական-կուսակցական գծի առաջխաղացումը արդարադատության ոլորտում:

«Ազատություն»- Դատավորներին պատասխանատվության ենթարկելու ինչպիսի՞ մեխանիզմ կա:

Վահե Գրիգորյան- Նախևառաջ, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, դիմելու ենք դատավճիռների վերանայման վճռաբեկ դատարան և, բնականաբար, պահանջելու ենք Մուշեղ Սաղաթելյանի արդարացումը: Ինչ վերաբերում է հարցին՝ դա իրենք արել են սադիստական մղումներից դրդվա՞ծ, թե իրենք ունեցել են հանձնարարություն, որը կատարելուց հրաժարվել չեն կարողացել կամ այդ հանձնարարությունը կամավոր կերպով ստանձնել են՝ կապված մարդկանց առանց հիմնավոր մեղադրանքների ազատազրկման դատապարտելու հետ․ սրանք հարցեր են, որոնց հետ կապված հիմա մենք ուշադիր սպասում ենք դատական իշխանության պատասխանին՝ ի՞նչ է մեզ ասելու դատական իշխանությունն այս կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG