Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր մեկնաբանել է երեկ հրապարակված Russa Today-ի (RT) հարցազրույցը Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ՝ հայտարարելով, որ այդ հարցազրույցը մարտահրավեր է սթափ դատողությանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից հնչող հայտարարությունները սուտ են և վիրավորական բրիտանական հատուկ ծառայությունների համար։
Մեյը շեշտել է, որ Russia Today հեռուստաընկերությունը ֆինանսավորում է Ռուսաստանի կառավարությունը։ Լոնդոնում, Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, ակնկալում էին նման զարգացումը և նախկին հայտարարություններից չեն հրաժարվում, Պետրովն ու Բոշիրովը կձերբակալվեն և կկանգնեն դատարանի առջև, եթե որոշեն լքել Ռուսաստանի տարածքը։
Կոշտ հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։ Ջերեմի Հանթը հարցազրույցն անվանել է «ֆեյքային շոու» և հավելել, որ աշխարհն այլևս չի հավատում Ռուսաստանին։ «Այս ֆեյք հեռուստաշոուներին վերջ դնելու ժամանակն է արդեն։ Ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ Սկրիպալների թունավորման հետևում Ռուսաստանն է կանգնած», - Թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ գործողություն գործարարներ Պետրովի և Բոշիրովի դեմ չի ձեռնարկել, քանի որ չունի դրա համար որևէ իրավական պաշտոնական հիմք՝ բրիտանական կողմը Մոսկվային այս հարցով չի դիմել։
Ռուսաստանցի փորձագետները, Կրեմից անկախ լրագրողները նույնպես «ֆեյք» են համարում երեկվա հարցազրույցը և կատակում, թե նույնիսկ հատուկ ծառայությունների աշխատակիցները Ռուսաստանում արդեն հիմարի տեսք ունեն։
Հայտնի բլոգեր Օլեգ Կաշինը, օրինակ, գրում է, որ Բոշիրովի և Պետրովի հարցազրույցը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Պուտինի հորինած անհեթեթությունն է, որ փաստորեն՝ Մոսկվայի խոստովանությունն է հանցագործության մեջ:
Որ Պետրովն ու Բոշիրովը ստում են՝ ռուսական ինտերնետում կարծես թե ոչ ոք չի կասկածում, և ոչ ոքի, ռուսաստանցի բլոգերների կարծիքով, կեղծ հարցազրույցը չի զարմացրել, զարմացրել է միայն հարցազրույցի որակը և այն, որ ավելի խելոք բան չեն կարողացել հորինել․ սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվող Պետրովին և Բոշիրովին ներկայանալ լրագրողներին, և նույն օրը այդ տղամարդիկ զանգահարում են Կրեմլի շահերը սպասարկող Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ու նրան հարցազրույց տալիս։
Երեկ հրապարակված հարցազրույցում Պետրովն ու Բոշիրովը հաստատում են, որ բրիտանական կողմի հրապարակած լուսանկարներում իրենք են, որ իրենք իսկապես մարտի 3-ին և 4-ին այցելել էին Սոլսբերի քաղաք, սակայն սրա հետ մեկտեղ պնդում են նաև, որ շարքային գործարարներ են, ֆիթնես ոլորտում են աշխատում, Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության հետ որևէ կապ չունեն: Նրանք հայտարարում են, թե Սոլսբերի են այցելել որպես զբոսաշրջիկներ, որովհետև այնտեղ կա հիասքանչ տաճար և աշխարհի ամենահին ժամացույցը: Պետրովն ու Բոշիրովը պնդում են, որ որևէ կապ չունեն Սկրիպալների թունավորման հետ, և այն, որ տեսախցիկները իրենց նկարահանել են Սկրիպալների բնակարանի մոտ, պարզապես պատահականություն է:
Թերեզա Մեյը սեպտեմբերի 5-ին բրիտանական պառլամենտում հայտարարել էր, որ Պետրովն ու Բոշիրովը ռուսական հետախուզության նախկին աշխատակիցներ են, և որ մեծ հավանականություն կա, որ Սկրիպալներին թունավորելու առաջադրանք նրանք ստացել են Ռուսաստանի ղեկավարությունից:
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան բրիտանական կողմի հետ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է, որ այդ թունավորման հետևում ամենայն հավանականությամբ Ռուսաստանի ղեկավարներն են կանգնած:
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: