Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան․ Քոչարյանը ենթադրում է, թե վերադառնալով քաղաքականություն, կարող է խուսափել մեղադրանքից


«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել ընտրություններին», - ասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ակնկալում է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոններից մեկը:

Ըստ Սիմոնյանի, Քոչարյանի վերադարձը քաղաքականություն պայմանավորված է ոչ թե Հայաստանի քաղաքացու շահը, այլ սեփական անձը պաշտպանելու մղումով․ - «Նա ենթադրում է, որ նման ձևով կարող է պաշտպանվել և խուսափել այն մեղադրանքներից, որ այսօր ներկայացվում են իրեն»:

Ի պատասխան հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն աջակցեն իրեն քաղաքական պայքարում, Ռոբերտ Քոչարյանը հորդորել էր հարցն ուղղել նշված կուսակցություններին, սակայն նշել էր նաև, որ վիճակը, իր կարծիքով, այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից ողջ օրվա ընթացքում որևէ մեկը չարձագանքեց: Ավելի վաղը Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ Քոչարյանի հետ համագործակցությունը չեն բացառում՝ եթե իրենց օրակարգերը համընկնեն։

Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում նշել էր նաև, որ իր քաղաքական հենարանն է համարում բոլոր նրանց, ովքեր հիշում են իր պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների տնտեսական և արտաքին քաղաքական հաջողությունները:

Ալեն Սիմոնյանն այս կապակցությամբ ասաց․ - «Բոլորը ամեն ինչ հիշում են: Հիշում են այն ամենը, ինչ տեղի է ունեցել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում: Հիշում են նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին տեղի ունեցածները: Կարծում եմ, առնվազն մի 20-30 տարի պետք է, որ մարդիկ մոռանան մենաշնորհները, մարդիկ մոռանան Մարտի 1-ի իրադարձությունները»:

Անդրադառնալով հայ֊ռուսական հարաբերությունների մասին Ռոբերտ Քոչարյանի հնչեցրածին՝ թե վտանգավոր է «թռնել» արդեն ձևավորված հարաբերություններից, Ալեն Սիմոնյանն ասաց․ - «Որևիցե մեկը ապացուցելու բան չունի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ կապված: Որովհետև այն տրամաբանությունը, որով պարոն Քոչարյանը և իր իշխանությունը շարունակող Սերժ Սարգսյանը աշխատել են, այլևս չի գործում: «Թռնել որևիցե հարաբերություններից» արտահայտությունը տեղին կլինի այն դեպքում, երբ որ այդ հարաբերությունները կառուցել են լեգիտիմություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հայաստանի Հանրապետությունը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ և այսօր ունի լեգիտիմ իշխանությունը, որը որ այդ հարաբերությունները խորացնում է և այդ հարաբերությունները է՛լ ավելի լավ մակարդակի կբերի: Ինչո՞ւ ենք մենք հաճախ խոսում դրա մասին: Որովհետև տարբեր վճարովի եթերների, տարբեր մեդիա հարթակների շնորհիվ տարբեր նախկին քաղաքական գործիչներ փորձել են ու փորձում են իրենց անձնական հարցերը լուծել Հայաստանը վարկաբեկելով, Հայաստանին վնաս տալով»:

Ի դեպ ուշագրավ է, որ այսօր Կրեմլի պաշտոնական կայքը մեկ նախադասությամբ հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը նրա քրեական հետապնդման հարցը չի քննարկել: Պեսկովը հավելել է, որ Պուտինն ու Քոչարյանը երկար տարիների ընթացքում լավ հարաբերություններ ունեն, որոնց վրա Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձություն ազդեցություն չի թողել:

Ալեն Սիմոնյան․ - «Ուզում ա Պուտինը լինի, ուզում ա Թրամփը լինի․․․ Դրսից տղա բերելու, երկրին տղայական վերաբերվելու, հանրությանը ինչ-որ բան ապացուցելու, որ ինձ Պուտինն ա շնորհավորել, էն մյուսին եսիմ ով շնորհավորեց․․․ Էդ տրամաբանությունը եկեք դադարեցնենք և զվաղվենք Հայաստանի Հանրապետությունը այն քսան-երեսուն տարվա ճահճից, որը որ թալանելով, գողանալով մտցրել են մեր երկիրը, այն յոթ միլիարդ պարտքից, արտագաղթի խնդիրներից փորձենք հանել»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ փորձ կարվի Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն օգտագործել ի օգուտ Քոչարյանի, այն ներկայացնել որպես աջակցության նշան․ - «Իհարկե փորձ կարվի և սա էլի հասկանալի կլինի, հատկապես, որ տարիներ շարունակ մարդկանց մեջ, հանրային, քաղաքական տարբեր շրջանակներում փորձել են սերմանել, որ ամեն ինչ կախված է մի բանից՝ Պուտինը աջակցում է, թե չի աջակցում, Ռուսաստանը տվել է այսպես ասած դաբրոն, թե չի տվել: Այսինքն մոտ երկու տասնամյակ Հայաստանում ամբողջ քաղաքական կյանքը կառուցված է եղել էս վտանգավոր բանի վրա: Վտանգավոր է, որովհետև վտանգավոր է ինքնին, եթե երրորդ երկրի դաբրոյով ես պայմանավորում ներքին որևէ գործընթաց: Եվ հիմա վերադառնալ դրան․․․ մի կողմից հասկանալի է, որ էդ մարդիկ այլ բան չունեն անելու, վերադառնում են և փորձում դրանից կառչել, դա օգտագործել: Բայց էլի վերադառնալ դրան արդեն էս նոր իրավիճակում, դա, ես կարծում եմ, վտանգավոր լինելուց բացի, նաև ոչ համարժեքության դրսևորում է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG