Մատչելիության հղումներ

Նոր մանրամասներ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի վրա հարձակման գործով


Լուսանկարը՝ ոստիկանության
Լուսանկարը՝ ոստիկանության

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի վրա հարձակման դեպքով ձերբակալվել է Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:

Ըստ հաղորդագրության, Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

«Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի։ Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7.62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ: Հ.Ռիժենկոն ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ երեկ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մեկ անձ ձերբակալվել է։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Մկրտումյանը երեկ հրազենային վիրավորում տեղեփոխվել է բժշկական կենտրոն, ստացել համապատասխան օգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG