Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել են Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը։
Ըստ հաղորդագրության, նորածնի դին հայտնաբերվել էր 2018-ի փետրվարի 26-ին՝ Մեծամոր քաղաքի աղբանոցում:
«Դիակի արտաքին զննությամբ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում հայտնաբերվել էին տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել փոքրիկի մահվան հանգամանքների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական քննության տվյալներով` նորածնի մայրը Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ-ին, ով խնամքին ունի 4 երեխա։
«Նոր հղիությունը և երեխայի ծնունդը համարելով անցանկալի՝ կինը հղիության ընթացքում որևէ բժշկական կենտրոնում «Կանանց կոնսուլտացիա» չի ստացել, որևէ հետազոտման, բուժօգնության չի դիմել և երեխային ծննդաբերել է տան պայմաններում: Քննությամբ հիմնավորվել է, որ 2018-ի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, 37-ամյա կինը, Մեծամոր քաղաքում գտնվող իր բնակարանում լինելով մենակ, նկատել է ծննդաբերության նախանշաններ, մտել է լոգարան, որտեղ էլ կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի կենսունակ երեխա: Ծննդաբերելու ժամանակ նորածինը գլխի հատվածով ընկել է լոգարանի սալիկապատ հատակին և սկսել ճչալ, սակայն նրան որևէ օգնություն չի ցուցաբերվել։ Երբ փոքրիկը դադարել է լացել, մայրը նորածնի մարմինը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, իսկ առավոտյան` ժամը 06:30-ի սահմաններում, այն տեղափոխել է շենքի բակում գտնվող աղբարկղի մեջ», - ասված է հաղորդագրությունում:
Նորածնի դին փետրվարի 26-ին հայտնաբերվել է «Մեծամորի Բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
Կոմիտեն նշում է, որ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ արական սեռի նորածնի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետևանքով, որն էլ պայմանավորված է եղել գանգուղեղային փակ, բութ վնասվածքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեծամորի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանություն):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: