Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը:
Ըստ կոմիտեի, վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թվականին, խնամքին ունի 4 երեխա: «Կինը հայտնել է, որ 2018-ի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա՝ շենքի բակում գտնվող աղբամանը», - ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա:
«Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: