Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կնվազեցնի ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում. Սիլուանով


Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով, արխիվ

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նվազեցնել ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում և կարող է դադարեցնել գլոբալ վճարումներ կատարել դոլարով` ի պատասխան Վաշինգտոնի՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման:

Ֆինանսների նախարարն օգոստոսի 12-ին Россия-1 հեռուստաալիքին հայտնել է, որ Ռուսաստանը նվազեցրել է իր ներդրումները «ամերիկյան տնտեսության և ամերիկյան արժեթղթերի մեջ՝ հասցնելով դրանք նվազագույն մակարդակի և կշարունակի նվազեցնել»:

Նա նաև չի բացառել, որ միջազգային վճարումների պարագայում դոլարը կարող է դուրս մղվել և վճարումները կատարվեն ոչ թե դոլարով այլ ազգային տարադրամով։

Դոլարը երկար ժամանակ համարվում էր «միջազգային արժույթ»՝ ասել է Սիլուանովը՝ հավելելով, որ դա այլևս « ռիսկային գործիք է վճարումների համար»:

Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ՝ Սկրիպալներին թունավորելու համար:

ԱՄՆ-ն օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:

Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին: Կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG