Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի հանդեպ, ռուսական կողմը դրանք համարում է «հրեշային»


Արխիվ
Արխիվ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ՝ Սկրիպալներին թունավորելու համար: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթի երեկվա հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:

Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին: Կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան:

Ամերիկացի պաշտոնյան, ով խոսել է իր անունը չբացահայտելու պայմանով, ասել է, որ Ռուսաստանին 90 օր ժամկետ է տրվելու՝ հատուկ պահանջներ կատարելու համար, ներառյալ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների մասնագետներին թույլատրելը Ռուսաստանի տարածքում ստուգումներ անցկացնել, համոզվելու համար, որ այնտեղ քիմիական և կեսաբանական զենք չկա:

Եթե Մոսկվան չկատարի պահանջները, պատժամիջոցների երկրորդ փուլով հնարավոր է՝ նվազեցվի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, ավելի սահմանափակվեն արտահանուման ու ներմուծման ծավալները, արգելվեն ռուսական պետական «Աէրոֆլոտ» ընկերության թռիչքները Միացյալ Նահանգներ:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը նոր պատժամիջոցները համարել է «հրեշային», պնդելով որ ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Օգոստոսի 8-ի երեկոյան ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում նշված է, որ ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Լոնդոնն իրենց մեղադրանքերը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացնում:

«Մեր ճշտող հարցերին ի պատասխան, ամերիկյան կողմը, վկայակոչելով գաղտնիությունը, հրաժարվել է պարզաբանումներ տալ, միաժամանակ հայտարարելով, թե ԱՄՆ-ն բավականչափ տվյալներ ունի, որոնք թույլ են տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանը մեղավոր է»,- նշված է Ռուսաստանի դեսպանատան Ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում:

Բրիտանայի արտգործնախարարությունը, մինչդեռ, ողջունել է Սկրիպալների թունավորման գործով Ռուսաստանի հանդեպ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե բացարձակապես անընդունելի են համարում նոր սահմանափակումները: Պեսկովը պնդել է, որ Ռուսաստանն առնչություն չի ունեցել Սկրիպալների թունավորմանը: «Մենք ևս մեկ անգամ ամենավճական կերպով հերքում ենք ցանկացած մեղադրանք՝ Սոլսբերում տեղի ուենցածին Ռուսաստանի հնարավոր առնչության վերաբերյալ: Այդ մասին չի կարող խոսք լինել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Մարտի 4-ին Բրիտանիայի Սոլսբերի փոքր քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան: Երկարատև բուժումից հետո նրանց կյանքը հաջողվեց փրկել: Բրիտանացի փորձագետները եզրակացրին, որ նրանց դեմ օգտագործվել է «Նովիչոկ» կոչվող քիմիական ուժեղ թույնը: Լոնդոնը պնդում է, որ Սկրիպալների թունավորման հետևում կանգնած է Ռուսաստանը: Մոսկվան շարունակաբար հերքում է բոլոր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG