Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ նոր պատժամիջոցների հետ կապված, որոնք պաշտոնական Վաշինգտոնը սահմանել է Սկրիպալներին թունավորելու համար և որոնք Մոսկվան խիստ անընդունելի է համարում։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է նախապատրաստում Միացյալ Նահանգների «այդ ոչ բարեկամական գործողության» կապակցությամբ, չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։
«Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նոր սահմանափակումները, որոնք շարունակում ենք ապօրինի համարել, Սոլսբերիի գործի հետ կապելը», - իր հերթին, հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ՝ Սկրիպալներին թունավորելու համար: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:
Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին: Կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝ օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան: