Մատչելիության հղումներ

Նավալնին ռուսաստանցիներին կոչ է անում համախմբվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի նոր ակցիայի շուրջ


Ռուսաստան - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույց Մոսկվայում, 29-ը հուլիսի, 2018թ․
Ռուսաստան - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույց Մոսկվայում, 29-ը հուլիսի, 2018թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայրենակիցներին կոչ է անում համախմբվել բողոքի նոր ակցիայի շուրջ ընդդեմ երկրում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման:

Ընդդիմադիր գործիչը նոր ակցիաներ է նախատեսում սեպտեմբերի 9-ին՝ այսպես կոչված միասնական քվեարկության օրը, երբ Ռուսաստանի տարբեր շրջաններում զուգահեռաբար մի քանի ընտրություններ են անցկացվում:

«Այնպես անենք, որպեսզի թե՛ նախընտրական արշավի ժամանակ, թե՛ քվեարկության օրը բոլորը՝ թեկնածուներից մինչև ընտրողներ, խոսեն միայն կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին», - հայտարարել է Նավալնին:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կառավարության հերթական աղմկահարույց նախաձեռնության համաձայն, Ռուսաստանում 2019 թվականից աստիճանաբար կբարձրացվի կենսաթոշակային տարիքի շեմը՝ մինչև 2028 թվականը տղամարդկանց համար այն 60 տարեկանից կհասցվի 65-ի, իսկ կանանց պարագայում մինչև 2034-ը 55-ից կհասցվի 63-ի:

Անցած ամիս Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը, որին հավանություն են տվել նաև Ռուսաստանի 61 սուբյեկտների իշխանություններ:

Մինչդեռ երկրի տասնյակ քաղաքներում օրենքի դեմ մարդաշատ բողոքի ակցիաները չեն դադարում: Ռուսաստանցիներին երբեք ոչինչ այդպես չի միավորել, որքան թոշակի հարցը: Ինչպես նկատում է արևմտյան մամուլը, նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաանկանխատեսելի հակառակորդները ոչ թե քաղաքական մրցակիցներն են, այլ՝ թոշակառուները:

Կենսաթոշակային համակարգի փոփոխությունների ընդդիմախոսները, այդ թվում՝ Նավալնին, հղում անելով վիճակագրությանը, պնդում են, որ ռուսաստանցիներից շատերը՝ բնակչության մոտ երկու հինգերորդը, չեն էլ հասնում այդ տարիքին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսաստանցի տղամարդկանց մոտ 57 տոկոսը մահանում են մինչև 65 տարեկան դառնալը:

Չնայած համատարած հանրային դժգոհությանը և չմարող ցույցերին՝ Մեդվեդևի կառավարությունը զիջումների չգնաց: Փոխարենը՝ այսօր Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց կենսաթոշակների հարցով հանրաքվե անցկացնել: ԿԸՀ-ի այս որոշմանը պետք է հաջորդի երկրով մեկ ստորագրահավաք՝ քվեարկությունը անցկացնելու հարցով, և եթե Սահմանադրական դատարանը չմիջամտի գործընթացին ու չչեղարկի այն, ապա առաջիկայում ռուսաստանցիները հնարավորություն կունենան պաշտոնապես հայտնել իրենց դիրքորոշումը կենսաթոշակային համակարգում սպասվող փոփոխությունների վերաբերյալ:

Ռուսաստանի ԿԸՀ-ն վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է հանրաքվե անցկացնելու որոշում կայացնում:

Մինչ այդ, տասնյակ սոցհարցումների արդյունքներ փաստում են, որ ռուսաստանցիների ավելի քան 90 տոկոսը կտրականապես դեմ են կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելուն:

Թոշակի անցնելու տարիքային շեմն ավելացնելու նախաձեռնությունն այն քայլերից մեկն է, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է կատարել Պուտինի «մայիսյան հրամանագիրը» իրագործելու համար: Ըստ այդմ՝ նա պահանջել է 8 տրիլիոն ռուբլով մեծացնել պետության ծախսերը: Ակնկալվում է, որ կենսաթոշակային «բարեփոխմամբ» բյուջեն կարող է համալրվել 2 տրիլիոն ռուբլով: Փորձագետներն արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հարկադրված են գնում այդ քայլին, քանի որ տնտեսության վիճակը վատթարացել է, և դրանում, մասնավորապես, զգալի դեր են ունեցել արևմտյան պատժամիջոցները: Պետության համար օրեցօր բարդանում է սոցիալական պարտավորությունների կատարումը նաև Սիրիայում և Ուկրաինայում ընթացող պատերազմների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG