Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Ռուսաստանում` ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման


Կիրակի օրը Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։

Ըստ քաղաքագետ Վալերի Սոլովեյի, բողոքի ակցիաների աշխարհագրությունը տպավորիչ էր այնքան, որ Ռուսաստանի կառավարությունը կարող է այս կամ այն ձևով վերանայել իր որոշումը։

Նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է, թե Ռուսաստանի նախագահի աշխատակազմում տպավորված են բողոքի ցույցերով։

Բողոքի ակցիաները կազմակերպել էին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները և կոմունիստները։

Ինքը՝ Նավալնին ապրիլի 30-ին ընտանիքի հետ ժամանակավոր մեկնել է Բուդապեշտ՝ հայտարարելով, թե չի ուզում, որ իրեն ձերբակալեն։

Նավալնին ռուսաստանցիներին այդուամենայնիվ կոչ է արել հուլիսի 1-ին դուրս գալ փողոց՝ բողոքել կառավարության այս որոշման դեմ։

Սարատով քաղաքում, օրինակ, չնայած շոգ եղանակին, հավաքվել էին Նավալնիի 500-ից 1000 կողմնակիցներ։ Հավաքվածները ոչ միայն բողոքում էին կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ, այլ նաև պահանջում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։ Նավալնիի կողմնակիցների մի մասին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Կառավարությունը, հիշեցնենք, ուզում է մինչև 2024 թվականը բարձրացնել կենսաթոշակի անցնելու տարիքը՝ կանանց համար սահմանելով 63, իսկ տղամարդկանց համար՝ 65 տարեկանը։ Ընդ որում, կանայք այսօր Ռուսաստանում թոշակի են անցնում 55 տարեկանում։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, ռուսաստանցի տղամարդկանց կեսը չի ապրում մինչև 65 տարեկանը, այսինքն՝ ի սկզբանե այսօր ապրող տղամարդկանց կեսը, եթե բարձրացվի կենսաթոշակի անցնելու տարիքը, պարզապես չի հասցնի լինել թոշակառուի կարգավիճակում։

Վլադիմիր Պուտինը իրեն հնարավորինս հեռու է պահում այս ռեֆորմից։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, նախօրեին ասել էր, թե կենսաթոշակներով զբաղվում է կառավարությունը։

Փորձագետները չեն բացառում, որ չնայած սոցիալական անհրաժեշտությանը՝ բողոքի ալիքի ֆոնին Պուտինը պարզապես դեմ արտահայտվի և կանգնեցնի այս գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG