Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատասխանում է Հունաստանի «ոչ-բարեկամական գործողություններին»


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Պաշտոնական Մոսկվան պատրաստվում է արտաքսել հունաստանցի երկու դիվանագետի: Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվայում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասին պատասխան միջոցների վերաբերյալ նոտա է հանձնել: Երեկ այս մասին հաղորդագրություն էր տարածել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, թե սա Մոսկվայի պատասխանն է Աթենքի ոչ-բարեկամական գործողություններին:

Հուլիսի 11-ին պաշտոնական Աթենքը հայտարարել էր, որ արտաքսում է երկու ռուս դիվանագետների և փակում է ռուսաստանցի երկու դիվանագետների մուտքը Հունաստան: Հունական իշխանությունները նրանց մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու, ազգային անվտանգությանը սպառնալու և տեղական պաշտոնյաներին կաշառելու փորձերի մեջ:

Reuters լրատվական գործակալությունն էլ հայտնել էր, թե ռուսաստանցի դիվանագետները փորձել էին տապալել Հունաստանի և Մակեդոնիայի միջև համաձայնությունը: Երկու պետությունները շուրջ 30 տարի չէին կարողանում կարգավորել Մակեդոնիայի անվան հետ կապված տարաձայնությունները և վերջապես այս տարվա հունիսին համաձայնության են եկել: Մոսկվան, Reuters-ի փոխանցմամբ, փորձել է տապալել երկու պետությունների միջև տվյալ հարցով բանակցությունները, քանի որ համաձայնությունը Մակեդոնիայի առջև բացում է Եվրամիությաննն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու դռները, ինչին, բնականաբար, Ռուսաստանը դեմ է:

Reuters-ը վստահեցրել էր, որ Հունաստանի արտգործնախարարությունում իր աղբյուրը հաստատել է այս տեղեկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG