Մատչելիության հղումներ

Վրաստանում անցկացվելիք զորավարժությունները որևէ ձևով ուղղված չեն Ռուսաստանի դեմ․ Իգիթյան


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Օգոստոսի 1-15 Վրաստանում նախատեսված Noble Partner-2018 բազմազգ զորավարժություններին Հայաստանը կմասնակցի 4-հոգանոց սպայական կազմով։ Հայաստանի մասնակցության մասին տասն օր առաջ հաղորդել էր Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Սակայն միայն երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկատվությունը։

Վերլուծաբանները նկատում են՝ Վրաստանում անցկացվելիք զորավարժությանը մասնակցելը չի փոխի Հայաստանի ռազմական համագործակցության մակարդակը ՆԱՏՕ-ի կամ դրա անդամ առանձին երկրների հետ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ այդ զորավարժությունները որևէ ձևով ուղղված չեն Ռուսաստանի դեմ. - «Իհարկե, տարբեր քաղաքական գործիչների կողմից որոշ մեկնաբանություններ հնչում են և դրանով ցանկանում են Հայաստանում իրադարձությունները ներկայացնել որպես հակառուսական զարգացումներ, բայց դա այդպես չէ։ Հայաստանը ՆԱՏՕ-ի ծրագրում վաղուց է, և ոչ միայն Հայաստանը։ Ինձ թվում է, որ այստեղ մեծ խնդիր չպետք է տեսնենք»։

Հարցին, թե արդյո՞ք սա Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների արդյունք է, Իգիթյանն արձագանքեց. - «Ես անուղղակի եմ կապում դա Հայաստանի իրադարձությունների հետ, որովհետև նախկինում այդպես չէր, որ Ռուսաստանը զանգում էր Հայաստանին, ասելով՝ մասնակցի, թե չմասնակցի։ Հայաստանի իշխանությունը միշտ կաշկանդված էր որևէ գործողությունների մեջ, հատկապես մտածելով, թե Ռուսաստանը դրան ինչ գնահատական կտա։ Հիմա Հայաստանը ավելի ազատ է, մենք գնում ենք մեր շահերով, և պարզ երևում է, որ Հայաստանի քաղաքականությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ»։

«Այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները որևէ ձևով ուղղված չեն Արևմուտքի դեմ և հակառակը՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ։ Ինձ թվում է, որ Ռուսաստանն արդեն սկսել է դա հասկանալ, և չեմ կարծում, որ մենք խնդիրներ կունենանք այդ հարցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG